Իրանի շուրջ պատերազմը նավթի ու գազի համար է, Թրամփը փորձում է վերահսկել նավթի հիմնական անցումները. այս իրավիճակում ԵԱՏՄ անդամ երկրները, որոք գազի, դիզվառելիքի կամ բենզինի քվոտաներ ունեն, իրենք ունեն որոշակի առավելություն կամ բարձիկներ։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման անդամ Արմեն Մանվելյանը։
«Օրինակ, Պարսից ծոցի փակվելը բերեց նրան, որ ասիական մի շարք երկրներում ուղղակի դիզվառելիքի դեֆիցիտ հայտնվեց։ Մենք, փառք Աստծո ,դրանից ազատված ենք հենց շնորհիվ նրա, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, իսկ ԵԱՏՄ-ն ստեղծվել է ընդհանուր էլեկտրաէներգիայի, գազի և նավթի շուկաներ ստեղծելու գաղափարի շուրջ: Հետևաբար, Հայաստանը այս առավելությունից կզրկվի, եթե ԵԱՏՄ-ից դուրս գա: Հենց այդ զգուշացումն է եղել Մոսկվայում։
Մենք նույնիսկ ատոմակայանի համար ստանում ենք հարստացած ուրան, միջազգայինից էժան գներով։ Աշխարհում այդ գներն ավելի են բարձրացել, իսկ Հայաստանը ստաբիլ գներով այն ստանում է։ Նույն ստաբիլության մենք ստանում ենք գազը՝ մոտավորապես 175 դոլար սահմանի վրա։
Ի դեպ, ուզում եմ հիշեցնել, երբ սրանք եկան իշխանության, 2018-ի օգոստոսին ստեղծեցին հատուկ հանձնաժողով, ասեցին, որ մենք 160-170 դոլարով ստանում ենք գազը, բայց սպառողներին տալիս ենք կրկնակի ավելի թանկ գնով, ասում էին՝ կոռուպցիոն ռիսկեր հեսա գտնենք, կոռուպցիոներները կնստեն, բայց ոչինչ էլ չեղավ։ Այսինքն մենք 175-ով ստանում ենք, մոտավորապես 392-400 դոլարով տալիս ենք բնակիչներին և հարց է առաջանում, թե ո՞նց է կրկնակի թանկանում։ Եթե սրանք էսքան մաքուր մարդիկ են, ինչու էդ կոռուպցիան չգտան, ու ինչու գազի գինը չնվազեցրին»,–ասաց Մանվելյանը։ Նա համոզմունք հայտնեց, որ եթե Հայաստանը հակաառուսական քաղաքականություն վարի, ապա կարող է զրկվել ԵԱՏՄ–ում գտնվելու անվտանգության բարձիկից, և գազի գինը կդառնա ոչ թե 170 դոլար, այլ, ասենք, 250 դոլար»։
Դիտարկմանը, որ ասում են՝ Իրանից գազ կբերենք, «Հայաքվեի» անդամն ասաց. «Իրանը շուտով ինքը խնդիր կունենա գազի հետ կապված և շատ հնարավոր է, նույնիսկ դեպի Հայաստան եկող այն չնչին թվով գազը, որ կա, նաև դա դադարեցնեն, որովհետև իրենք իրենց գազային համակարգին անընդհատ հարված են ստանում։ Հիմա, օրինակի համար, Ադրբեջանը գազը վաճառում է Թուրքիային, իր բարեկամ 290 դոլարով։
Սա անլուրջ կամ դիլետանտ քաղաքականության արդյունք է, երբ իրենք կարևորում են իրենց վերարտադրվելը, մնացածը ասում են՝ լավ, հետո կգնանք մի բան կխնդրենք, մի բան կասենք, մի բան կանենք, մի բան կստացվի»։
Արմեն Մանվելյանը հայտարարեց, որ Հայաստանը չի կարողանում օգտվել ԵԱՏՄ–ի անդամության առավելություններից. «Օրինակ, ժամանակին ԵԱՏՄ-ի հետ մենք ունեինք կնքված պայմանագիր, որով Մեղրին պետք է դառնար ազատ տնտեսական գոտի, որտեղ ԵԱՏՄ գնացող ապրանքները որոշակի մաքսային արտոնություններ էին ստանում և կարող էին ռուսական շուկա կամ Ղազախստանը գնալ ոչ թե Կասպից ծովով, այլ Մեղրիով։ Հետեևաբար, ավելի էժանով էր այդ ապրանքը հասնում Ռուսաստան, բայց երբ սրանք եկան իշխանության, էդ ծրագիրն է փակեցին։ Նույնն էլ էլեկտրաէներգիայի շուկայում, ծրագիր կար կառուցել բարձրավոլտ գիժ դեպի Վրաստան և Վրաստանով հայտնվել ռուսական շուկայում և մեր էլեկտրաէներգիայի ավելցուկը վաճառել։ Այս իշխանությունների դիլետանտիզմը բերել նրան, որ մենք այսօր գտնվում ենք շատ ծանր էներգետիկ իրավիճակում, որից ելք մենք չունենք, եթե սրանք Աստված չանի, մնան»,– ընդգծեց նա։











