Երեկ գիշերը Հունգարիայում, ինչպես որ սպասվում էր, ընդդիմության առաջնորդ Պիտեր Մադյարի կուսակցությունը պատմական հաղթանակ է տոնել Վիկտոր Օրբանի 16 տարի իշխանության եղած կուսակցության դեմ։ Այս մասին Facebook—ի իր էջի եթերում հայտարարել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։

«Երկու տարի առաջ Վիկտոր Օրբանի թիմակից Պիտեր Մադյարը հրաժարական է տվել և սկսել է կառուցել քաղաքական ընդդիմադիր արշավ։ Այս ընդդիմադիր արշավում ներգրավվել է բոլոր քաղաքական դերակատարներին, ամբողջ ընդդիմությունը հանդես է եկել մեկ ճակատով, և նա եղել է այդ ճակատի առաջնորդը։ Եվ ահա ընտրությունների արդյունքներով Օրբանին, որին աջակցում էին երկու գերտերություններ, ջախջախիչ պարտության է ենթարկել։

Պառլամենտում եղած 199 մանդատներից 138-ը ստացել է Մադյարի կուսակցությունը, 55 մանդատ հասել է Օրբանին։ Պատկերացնո՞ւմ եք ինչ է տեղի ունեցել, 2-3 օր առաջ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն էր այնտեղ ու հայտարարում էր, որ աջակցում է Օրբանին։

Հիմա եկեք հայկական ընդդիմադիր տիրույթ, ինչեր են խոսում մարդիկ: Ասում են՝ Նիկոլ Փաշինյանին աջակցում են բոլոր գերտերությունները, մենք ոչինչ չենք կարող անել։ Բազմաթիվ հարցազրույցներում ես ասում եմ՝ եթե Հայաստանի ժողովուրդը ունենա լավ ընդդիմադիր առաջարկ, ինտրիգ լինի ընդդիմադիր դաշտում, ժողովուրդը կգնա ընտրական տեղամասեր ու կքվեարկեն այնպես, ինչպես իրենք ցանկանում են և կփոխվի իշխանությունը։ Ժողովուրդը իշխանության միակ աղբյուրն է, պետք չի մարդկանց ինչ-որ բաներ ասել, անհնարինության ու նիհիլիզմի դաշտ մտցնել։

Հունգարիայում ընտրական մասնակցությունը պատմական բարձր է եղել, քաղաքացիները ժամերով հերթեր են կանգնել, որ քվեարկեն։ Հայաստանում նման բան ե՞րբ է եղել, միայն այն ժամանակ, երբ փող էին բաժանել, ստիպված մարդը հերթ է կանգնել։

Ի՞նչն է պատճառը, որ Հունգարիայում այսպես է եղել։ Ոչ թե ընդդիմությունը ասում է՝ ժողովուրդ ջան, սա կարևոր է, դուք պետք է գնաք ընտրություններին, բայց դիմացը չկա ինտրիգային առաջարկ։ Չէ, պետք է ստեղծել ինտրիգային առաջարկ»,–ասաց Մարուքյանը։

Նա հիշեցրեց, որ հարևան Վրաստանում ընտրությունների ժամանակ ընդդիմությունը պարտվեց, որովհետեւ գնաց տարբեր էշելոններով. Ես ասում էի, որ Հայաստանի ընդդիմությունը այդ փորձից պետք է դասեր քաղի։ Իրենք ասում են՝, ոչ, մենք պետք է գնանք «Գյումրի 2» անենք։ Բուդապեշտ էր պետք անել։

Հունգարացիները բնականաբար դասեր են քաղել վրացական ընդդիմությունից, իրենց նախորդ փորձերից էլ են դասեր քաղել, և այնպիսի մեթոդաբանությամբ են մտել ընտրապայքարի մեջ, որ ոչ միայն հաղթել են ընտրությունները, այլ սահմանադրական մեծամասնություն են ստացել, և կարող են Օրբանի ընդունած բոլոր օրենքները, սահմանադրության փոփոխությունները  ամբողջությամբ ռեվերս անել։

Իսկ մեզ մոտ ամեն մեկն իր էշն է քշում, անպայման պետք է իր էշը քշի, դե քշեք ձեր էշը, տեսնենք հլը ինչ է լինելու։

Դե պարզ է՝ արդեն անիմաստ է Հայաստանում կոնսոլիդացիայի մասին խոսելը, Պիտեր Մադյարի արածը Հայաստանում այլևս անհնար է անել, որովհետև  բոլոր ուժերը առանձին են գնում ընտրությունների, բայց մենք որպես կուսակցություն, որպես թիմ, մենք կանենք լավ առաջարկ, որը կտարբերվի բոլորից և դուք կտեսնեք»,–ասաց Մարուքյանը։

Նա համաձայն չէ պնդումներին, թե Օրբանը դիկտատոր էր. «Անհնար է դիկտատորին ընտրություններով հաղթել։ Օրբանը իր պարտությունն ընդունել է դեռ  ձայների ամբողջ վերահաշվարկը չավարտված։ Նա  զանգել է Պիտեր Մադյարին, ասել է, ես ընդունում եմ իմ պարտությունը, շնորհավորում եմ, մենք կլինենք ընդիմություն, կծառայենք Հունգարիային։

Հայկական իրականությունում ամեն ինչ խեղաթյուրված, խեղված, փչացած, ապականված է ներկայացվում, որ մարդիկ չհասկանան ինչ է եղել։  Այդ ձեր մոտ են դիկտատորներ, 35 տարի է Հայաստանում ընտրություններով իշխանությունը չի փոխվել, Հունգարիայից եք խոսո՞ւմ դուք։ 2018–ի հեղափոխությունը, որ եղել է, ընտրություններով չի իշխանությունը փոխվել։

Եթե դու ընտրողին միշտ նույն բան ես առաջարկում, դու ունենում ես նույն արդյունքը, չես կարա ուրիշ արդյունք ունենաս, ու ընտրողը ձեր կոչերով չի որոշում, որ գնա ընտրական տեղամաս, ընտրի, հերթ կանգնի մի ժամ։

Փոխելու ենք, հաղթելու ենք, հասնելու ենք լավ արդյունքների և Հայաստանը հանգիստ ապրելու է, նորմալ կյանք է ունենալու այս երկիրը»,–ասաց նա։