Այսօրվանից մի խումբ կանայք նստացույց են սկսել գլխավոր դատախազության շենքի առջև՝ կալանավորված 18-ամյա դպրոցական Դավիթ Մինասյանի խափանման միջոցը փոխելու պահանջով։ Նստացույցն իրականացնելու են մեկ շաբաթ շարունակ՝ մինչև ապրիլի 17-ին առավոտյան 11-ից մինչև 20։00-ն։
Հիշեցնենք, որ Դավիթ Մինասյանի գործով վարույթն իրականացնող մարմինը հայտարարել է նախաքննության ավարտի մասին։ Ապրիլի 17-ին կայանալու է Դավիթի գործով նիստ, նստացույց անող մայրերը հույս ունեն, այդ օրը նա ազատ կարձակվի, քանի որ կարծում են՝ միասնական լինելու դեպքում հնարավոր է հասնել փոփոխության։
Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Սայիդա Պողոսյանը նշեց, որ այս նստացույցը նախաձեռնել է ի աջակցություն Դավիթի և Դավիթի ընտանիքի, որպեսզի Դավիթը հիվանդանոցում ստանա լիակատար բուժօգնություն, բուժօգնությունը ստանալուց հետո հաշվի առնվի այն փաստը, որ Դավիթը ի վիճակի չի քրեակատարողական հիմնարկում շարունակել երկու ամիս անցկացնել և թույլ տալ տանը անցկացնել։
«Դավիթը բազմաթիվ առողջական ուղեկցող խնդիրներ ունի և հիմա շատ մեծ խնդիրների առջև է կանգնած։ Ես Դավիթի ընտանիքին չեմ ճանաչում, երբեք չենք հանդիպել, ուղղակի չեմ կարող անցնել մի ցավի մոտով, որ կարող է բոլորիս ցավը դառնալ։
Մեծ լիահույս եմ, որ կալանքը կփոխվի, որովհետև շատ հիմքեր կան, որ Դավիթը հանցանք չի գործել, Դավիթենց տանը ոչինչ չի հայտնաբերվել։
Անմիջական կապի մեջ եմ փաստաբանի հետ, ով տեղեկացրեց, որ Դավիթի մոտ դեռ շարունակվում են գլխապտույտները, ուղեղի ցնցումը բավականին ծանր է, այնպես որ անգամ գլուխը Դավիթը չի կարողանում բարձրացնել բարձից և տեղաշարժվել։
Ապրիլի 17-ը ներառյալ այստեղ շարունակելու ենք նստացույցը մինչև ժամը 8:00–ը, քանի որ մինչև այդ ժամկետը պետք է որոշում կայացվի»,–ասաց նա։
Մասնակիցները նշեցին, որ բողոքի ակցիան իրականացնելու են մեկը մյուսին փոխարինելով։
Առավել մանրամասն՝ տեսանյութում։











