Իրանի դեմ պատերազմը հասկանալու համար պիտի հասկանանք թե պատերազմը ինչու է իրականում սկսվել, և այստեղ մի քանի խնդիր միասին մի կաթսայի մեջ եփվում են։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը։
«Մեկը այն է, որ Թրամփն ուզում է իր անունը գրել ամերիկյան պատմության մեջ, այսինքն ամբիցիաների բավարարման հետ կապված խնդիր է, հատկապես այս տարում, որ Ամերիկան նշում է 250-ամյակը, ինքը չհաջողեց Նոբելյան մրցանակ ստանալ, ինքը նշում է իր 80-ամյակը։ Իր համար ինչ-որ առաքելության պես մի բան է դարձել, ինչ-որ մի բանով հաղթանակների շարք ապահովել, որով ամերիկյան պատմության մեջ իր անունը թողնել։
Երկրորդը Իսրայելի խնդիրն է, և մենք տեսել ենք, որ Իսրայելը 2023 թվականի հոկտեմբերի 7-ից սկսյալ, որը զուգակցվեց Արցախի հայաթափման հաջորդող ժամանակաշրջանին, և այստեղ զուգահեռներ պետք է անցկացնենք, որովհետև մեկը մեկից բխող գործողություններ էին, մենք տեսնում ենք նախ Գազայի հատվածում, հետո Լիբանան, հետո Արևմտյան ափ, հետո տարածվեց Սիրիա և ի վերջո հասավ Իրան։
Այս ամբողջական ծրագիրը հղացվել է դեռևս 90-ականներին և 2001 թվականի սեպտեմբերի 11-ի դեպքերը դրա մեկնարկային կոճակն էր։ Սրա ամբողջական նպատակը, հատկապես Խորհրդային Միության փլուզումից հետո, երբ հակընդեմ զսպող ուժը այլևս չկար, որը ամերիկյան գերիշխող իշխանությանը կարող էլ հակադրվեր, իրենք հղացել էին ամբողջ համաշխարհային վերաձևման գործընթաց, արևմտյան բևեռի գերիշխանությունը շատ երկար ժամանակով ապահովելու նպատակով և դրան, բնականաբար, ուղղված էր ռեսուրսային բազաների տիրապետումը։
Այս շղթայի վերջին օղակը Իրանն է, որը հարվածի տակ պիտի հայտնվեր, հատկապես Նեթանյահուի իշխանության պարագայում, որը ևս իր համար որոշակի առաքելություն է ստանձնել՝ մեծ Իսրայելի ստեղծումը։ Թրամփի իշխանությունը այդ բոլոր ձևական քողերը նետեց մի կողմ և արդեն մեկնարկեցին գործողություններ:
Սրան զուգակցվեց Էփշտեյնի ֆայլերի դուրս գալը, որը պատահականություն չէր, դա գործիք է Թրամփի վրա ազդելու և ընդհանրապես արևմտյան քաղաքական գործիչների վրա ազդելու, որովհետև նրանց հանդեպ իրենք կոմպրոմատային մեծ փաթեթներ ունեն։
Փետրվարին, երբ Նեթանյահուն այցելել էր Սպիտակ տուն, միաժամանակ Մոսադի նախկին գործակալներից մեկը հարցազրույց էր տվել Կանադական լրատվամիջոցներից մեկին և հստակ ասել էր, որ մենք ունենք ունենք Թրամփի վերաբերյալ Էփշտեյնի ֆայլերի ամբողջական փաթեթը, Մոսադը դա ունի, և մեզ հարմար պահին դա կարող ենք բացել։ Այսինքն սա շանտաժի գործիքն էր, որը օգտագործվեց Թրամփին համոզելու։
Բայց իրենք հաշվի չէին առել Իրանի ժողովրդի մտածելակերպը, և այստեղ է, որ, ինչպես ասում են, ոտքը քարին է դիպել։
Երբ սկսվեցին ռազմական գործողությունները, առաջին 2 օրից հետո ակնհայտ էր, որ ձախողվել են։ Հիմա ամբողջ Մերձավոր Արևելքը ավերվածությունների մեջ է, այդ թվում Իսրայելը։ Մենք Իսրայելից շատ պատկերներ չենք տեսնում, բայց հարց է առաջանում, հարյուրներով վիրավորներ կան, բայց զոհերի մասին տեղեկություն չեն տալիս։
Ինչպես ասում են էշին նստելը մի այիբ է, իջնելը՝ մեկ ուրիշ։ Հիմա իրենք նստել են այդ էշին, իջնելու հանգամանքը չունեն։ Մմիակ գործիքը, միակ տարբերակը, որ Թրամփը գիտի, դա սպառնալիքների և վերջնագրերի լեզվով խոսելն է, որով չես կարող Իրանի հետ խոսել, դա այդ պետությունը չի»,–ասաց Ձյունիկ Աղաջանյանը։
Դիտարկմանը, որ Թրամփը խոսում է Հորմուզի նեղուցը շրջափակելու մասին, դեսպանն ասաց. «Ինքը շատ բան կարող է խոսել։ Ինքը ամեն օր նոր բան է ասում։ Այս զինադադարի հայտարարումը փաստացի իր համար փրկօղակ էր, որպեսզի դուրս գա ցամաքային գործողություն սկսելու այդ վերջնաժամկետից, որ ինքն իր առաջ դրել էր։
Ցամաքային ներխուժում իրենք հիմա չեն անի, որովհետև նախ իրենց օդաչուին փրկելու գործողության ժամանակ երկու ուղղաթիռ և մեկ ինքնաթիռ զոհ գնաց՝ անձնակազմով հանդերձ։ Եվ իրենք շատ լավ հասկացան, որ իրենց բոլոր խաղադրույքները, որ դրել էին ներքին էթնիկ, կրոնական, սոցիալական շերտերի ըմբոստության վրա, դա ի չիք է դարձել, գոյություն չունի։
Իրանի ժողովուրդը այո, ուզում է ապրել ավելի բարեկեցիկ, ավելի ազատ, ավելի բարգավաճ երկրում, բայց ինքը չի ուզում ստրկության ենթարկվել ոչ Ամերիկայի, ոչ Իսրայելի կողմից։
Հիշեք, որ մենք խոսում ենք առնվազն 5000-6000 տարվա շարունակական քաղաքակրթության մասին, որը Թրամփը սպառնում է ոչնչացնել։ Անգամ այդ սպառնալիքը արդեն ցեղասպանական գործողություն է։ Թրամփը չի հասկանում, որ դա էլ ավելի է հետ պահում հնարավոր բարեկամ երկրներին և ղեկավարներին, որոնք բնականաբար չեն ուզում որևէ առնչություն ունենալ ակնհայտորեն ցեղասպանական գործողություն նախատեսող պետության հետ։
Թրամփը սպառնում է, բայց հակահարված էլ ավելի վատ է լինելու, Իրանը կարող է ամբողջ Մերձավոր Արևելքը ուղարկել Քարի դար։ Տարածաշրջանի բարեկեցիկ պետություններն ի չիք են դառնալու։
Իսկ Թրամփը չի կարող իր նպատակների համար զոհել Մերձավոր Արևելքը, որովհետեւ Մերձավոր Արևելքը Թրամփի համար քսակ է, որից նա անընդհատ սնուցվել է և սնուցվում է։ Հիմա խնդիր է արդեն առաջացել, որովհետև իրենց տնտեսական բարեկեցության հենքը ավերվել է և կարող է ընդհանրապես վերանալ, անգամ տարրական կենցաղային խնդիրները լուծելու համար պայմանները կոչնչանան։ Իրենք ջրի խնդիր ունեն և ջրային զտման կայանների ոչնչացումով ուղղակի այնտեղի բնակչությունը ցրվելու է»,–ասաց Ձյունիկ Աղաջանյանը։
Նա համոզմունք հայտնեց, որ Թրամփը զինադադարով իրեն դուրս հանեց ցամաքային գործողություն սկսելու թակարդից, բայց պատերազմից դուրս չեկավ. «Պատերազմը չի դադարել և ինքը չի կարողանում իսրայելական այդ կծիկից իրեն ձերբազատել ամբողջությամբ, որովհետև թե պատմականորեն կախվածություններ ունի, և թե հրեական լոբբիի ազդեցությունը այնքան մեծ է, որ չի կարող ուղղակի Իսրայելին ասել՝ դե գնա, ոնց ուզում ես, տակից դուրս արի։ Մենք հիմա կտեսնենք սպառնալիքներ, բայց դրանք էական գործողությունների վերածվելու շանս չունեն, որովհետև իրենց ժամանակ է պետք պատրաստվելու։ Իրենք սպառազինության խնդիր ունեն։
Եթե ԱՄՆ–ն իր ռազմանավերով մոտենա ափերին, Իրանը կարող է շատ հանգիստ հարվածել, իսկ կորուստը այդ նավերից որևէ մեկի, դա ուղղակի քաղաքական ինքնասպանություն է լինելու ԱՄՆ–ի համար»,– ընդգծեց նա։
Ըստ դեսպանի, Իրանի պահանջը՝ դուրս բերել ամերիկյան բազաները Մերձավոր Արևելքից, մասամբ իրականություն է դարձել, քանի որ եղած ռազմաբազաների վերականգնումը իրատեսական չէ, քանի որ արաբական երկրները տեսան, որ այդ բազաները ոչ թե իրենց պաշտպանելու համար էին, այլ Իսրայելին սպասարկելու։
«Այս ֆոնին լրատվամիջոցներով արդեն գնաց լրատվություն, որ ԱՄՆ–ն Իսրայելում է ստեղծելու ամենախոշոր բազան։
Ինչ վերաբերում է Հորմուզին, ես բացառում է, որ որևէ մեկի իրավասությանը տրվի բացի իրանից, մանավանդ հիմա, երբ որ Իրանը 100% անոց վերահսկողություն է սահմանել և գումարած Իրանը շատ խելամիտ կերպով իրեն դաշնակից է դարձրել Օմանին ու Չինաստանին, որովհետև վճարումները իրականացվելու են յուանով։
Մյուս կողմից ԱՄՆ–ն էլ իր պահանջներն է շարունակում պնդել, որոնք ռացիոնալ չեն և ոչ մի իրավական հիմք չունեն»։











