Եվրոպան կարող է դրդել ԱՄՆ-ին բանակցություններ վարել Իրանի հետ միջազգային նորմերի շրջանակներում՝ այդպիսով կառուցողական դեր խաղալով Իսլամական Հանրապետության շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորման գործում։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցի ընթացքում։

«Իրանը պատրաստ է շարունակել բանակցությունները բացառապես միջազգային նորմերի և կանոնների շրջանակներում՝ նպատակ ունենալով պաշտպանել իրանցի ժողովրդի իրավունքները, իսկ Եվրոպան կարող է կառուցողական դեր խաղալ՝ դրդելով ԱՄՆ-ին պահպանել այդ շրջանակները»,- նախագահի խոսքերն է մեջբերում նրա մամուլի ծառայությունը։ Ինչպես նշել է Փեզեշքիանը, հենց ԱՄՆ վարչակազմի կողմից ներկայացվող չափազանցված պահանջներն ու քաղաքական կամքի բացակայությունն են խոչընդոտում երկրների միջև համաձայնագրի կնքմանը՝ չնայած փորձագետների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածություններին։

Ապրիլի 11-ին Իրանը և ԱՄՆ-ը բանակցությունների մի քանի փուլ են անցկացրել Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում: Իրանական պատվիրակությունը գլխավորել է խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բագեր Ղալիբաֆը, իսկ ամերիկյանը՝ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը: Ինչպես ավելի ուշ տեղեկացրել են երկու կողմերը, մի շարք հակասությունների պատճառով նրանց չի հաջողվել համաձայնության գալ հակամարտության երկարաժամկետ կարգավորման հարցում: Թեհրանի և Վաշինգտոնի միջև երկխոսության առաջխաղացման հեռանկարներն անորոշ են: Սպիտակ տունը հայտարարել է ապրիլի 13-ից Իրանի ծովային շրջափակում իրականացնելու մտադրության մասին: