Այս պահի դրությամբ տեղեկությունն այն է, որ ձերբակալում է տեղի ունեցել։ Այս մասին այսօր՝ ապրիլի 14–ին, Հակակոռուպցիոն դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը՝ մեկնաբանելով «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանին բերման ենթարկելու լուրը։
«Զարմանալի է իսկապես, որովհետև հիմնականում քննչական մարմինները որոշ հանգամանքներ միշտ հաշվի առնում էին՝ թե՛ կին լինելու հանգամանքը, թե՛ նորածին երեխա ունենալու հանգամանքը։ Դրանք բոլորը պետք է նշանակություն ունենային նախքան նման ինտենսիվ հարկադրանքի միջոցին դիմելը։ Այստեղ ողջամտություն իսկապես որևէ կերպ չեմ տեսնում։
Կոնկրետ, թե մեղադրանքը ինչի վերաբերյալ է, կարծում եմ քիչ հետո կունենամ հնարավորություն արդեն մուտք գործելու Հակակոռուպցիոն կոմիտե, ըստ դրա արդեն տվյալները կստանամ»,–ասաց նա։
Դիտարկմանը, որ ամիսներ առաջ Գոհար Ղումաշյանը ուսանողների վարձավճարի հետ կապած որոշակի տեսանյութ էր հրապարակել, պարզաբանումներ էր ներկայացրել, Վարդևանյանն ասաց. «Ես հակված էի նրան, որ քանի որ հենց այդ հայտարարությունը եղել էր, որի մեջ որևէ ոչ իրավաչափ վարքագծի տարր չկա, բովանդակությունը ինքս առավել քան լավ գիտեմ, ձեր կողմից վկայակոչած հայտարարության, քանի որ որոշ իշխանական ԶԼՄ-ներ հենց այդ պահին հայտարարություն տարածել էին, և դրան որևէ գործողություն չէր հաջորդել, առավել քան ողջամիտ էր ենթադրելը, որ չէր կարող նման բան լինել։ Որովհետև վստահ եմ նաև քրեական գործերով լուսաբանում իրականացնող մեր գործընկերները կհաստատեն, նման դեպքերում այսպես ասած, տաք հետքերով են գործում, հրատապ են գործում, հակառակ պարագայում ողջամիտ չէ այս ամենը։ Հենց դրա համար իսկապես զարմացած եմ»։
Փաստաբանը նշեց, որ այս իրավիճակում ամենատրամաբանական եզրահանգումն այն է, որ սա զուտ քաղաքական հետապնդում է. «Ռեպրեսիան միանշանակ է, այն իմաստով, որ եթե նույնիսկ քրեական վարույթ են հարուցել, որի պայմանական առիթը կամ հիմքը ունեն, այդ դեպքում ինչի՞ համար են ձերբակալում կիրառում։ Այսինքն ինչի՞ համար նման ինտենսիվ միջամտություն ենթադրող վարույթային գործողության հարկադրանքի միջոցի տրամաբանությունը իրացնեն, սա է ամբողջ հարցը»։
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ քիչ առաջ բերման է ենթարկվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ գոհար Ղումաշյանը։ Նույն կուսակցությունից Գոհար Մելոյանը նշել էր, որ նրան բարեգործության արգելքի հիմքով են բերման ենթարկել Հակոկոռուպցիան կոմիտե։











