Ընդդիմությունը գիտակցաբար ներքաշում է քաղաքացիներին օրինախախտումների մեջ, իսկ հետո դա օգտագործում քաղաքական նպատակներով։ Ապրիլի 15-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն է արել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։
Ըստ նրա՝ առանձին քաղաքական ուժերն իրենց ռազմավարությունը կառուցում են մանիպուլյացիաների, հակասական հայտարարությունների և պետական ինստիտուտների վարկաբեկման փորձերի վրա։ Նա ընդգծել է, որ նման դեպքերում ցանկացած անօրինական գործողություն պետք է արժանանա իրավական գնահատականի։ «Նմանօրինակ ցանկացած քայլ պետք է ստանա համապատասխան իրավական գնահատական»,- նշել է պատգամավորը՝ մեկնաբանելով հանրային տիրույթում քննարկվող հնարավոր նախընտրական խախտումներն ու ընտրողների նյութական խրախուսման դեպքերը։
Իշխող կուսակցության ներկայացուցիչը հավելել է, որ որոշ դեպքերում փորձ է արվում պատասխանատվությունը բարդել գործընթացի առավել խոցելի մասնակիցների, այդ թվում՝ նախընտրական քարոզչության մեջ ներգրավված անչափահաս երեխաներ ունեցող կանանց վրա։ Այս հայտարարությունը հնչել է այն տեղեկությունների ֆոնին, ըստ որոնց՝ նախօրեին բերման է ենթարկվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը, ով նորածին երեխա ունի։ Նա մեղադրվում է առաջիկա խորհրդարանական ընտրությունների համատեքստում բարեգործության քողի տակ ընտրողներին նյութական աջակցություն տրամադրելու մեջ։
Ալեքսանյանն ասել է, որ քաղաքացիներն ընդդիմության պետք են միայն այն դեպքում, երբ նրանք ներքաշված են լինում օրինախախտումների մեջ։ Իսկ հետո հավելելով, որ հետագայում այդ իրավիճակներն օգտագործվում են քաղաքական ճնշումների և մեղադրական օրակարգ ձևավորելու համար։
Պատգամավորը քննադատել է նաև ընդդիմության ընդհանուր գործելաոճը՝ հայտարարելով, որ այն դրսևորում է «քաղաքական անհետևողականություն» և փոխում է դիրքորոշումները՝ ելնելով հանգամանքներից, ինչն էլ հարվածում է վերջինիս հայտարարությունների վստահելիությանը։
Առանձին անդրադարձ կատարելով սոցիալական ծրագրերին՝ նա նշել է, որ պետությունը շարունակում է իրականացնել կենսաթոշակների բարձրացման, առողջապահական համակարգի զարգացման և ենթակառուցվածքների նորոգման ծրագրերը։ Դրանց հնարավոր դադարեցման մասին հայտարարությունները պատգամավորը որակել է որպես քաղաքական մանիպուլյացիա։ Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ այդ քայլերը չի դիտարկում որպես ընտրակաշառք։
Վահագն Ալեքսանյանն ընդգծել է, որ երկրի տնտեսական և սոցիալական կայունության պատասխանատուն իշխանությունն է, մինչդեռ ընդդիմությունը, նրա գնահատմամբ, փորձում է թուլացնել պետական ինստիտուտները՝ փաստերի խեղաթյուրման ու քաղաքական հռետորաբանության միջոցով:











