Սրա մասին սպորտային աշխարհը չի խոսում, բայց ես հիմա կասեմ, շուտով լրանում է Գագիկ Ծառուկյանի 70-ամյակը, և նա իրավունք չունի այլևս 70-ը լրանալուց հետո հավակնելու Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի (ՀԱՕԿ) նախագահի պաշտոնին։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 15–ին, լրագրողների հետ զրույցում նշեց վարչապետի աշխատակազմի ղեկավար, Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը։
«Հիմա իրենք փորձում էին, այսպիսի հնարքներով, ընտրական և քաղաքական այս թեժ փուլում անցկացնել ՀԱՕԿ–ի ընտրությունները, Գագիկ Ծառուկյանին հերթական անգամ կարգել ՀԱՕԿ նախագահ, որպեսզի նա 4 տարի ևս ղեկավարի ՀԱՕԿ–ը»,–ասաց նա։
Հիշեցմանը, որ Նիկոլ Փաշինյանն է պարբերաբար հայտարարում, որ 65–ն ի՞նչ տարիք է, թոշակառուները կարող են աշխատել, Արայիկ Հարությունյանն ասաց. «Ձեր հեգնանքը տեղին կլիներ, եթե ՀԱՕԿ կանոնադրությունը այլ բան ասեր։ ՀԱՕԿ կանոնադրությունը շատ հստակ է»։
Հիշեցնենք, որ Ծանրամարտի ֆեդերացիան ապրիլի 8-ին դիմել է դատարան, պահանջում է, որ Օլիմպիական կոմիտեի նախագահի լիազորությունները դադարեցնեն, անվավեր ճանաչեն 2025-ի սեպտեմբերի 9-ից հետո նրա բոլոր որոշումներն ու գործողությունները, վերստուգիչ հանձնաժողովի անդամների լիազորությունները: Դատարանը հայցի ապահովման միջոց է կիրառել։











