Ո՞ր օրենքն ենք խախտել այն պրոցեսում, որ հիմա տեղի է ունենում, Ընտրական օրենսգիրքը սահմանում է կանոններ ընտրություններից մեկ ամիս առաջ սկսվող պաշտոնական ընտրարշավին. Ընտրության հաջորդ օրվանից սկսած, յուրաքանչյուր կուսակցություն և քաղաքական գործիչ կարող է ընտրարշավի տրամաբանության մեջ իրականացնել գործունեություն։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 15–ին, լրագրողների հետ զրույցում նշեց վարչապետի աշխատակազմի ղեկավար, Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով նրան, որ իշխանությունը մրցակցային միջավայր չի ապահովել, ՔՊ–ն վաղուց սկսել է քարոզարշավը, բայց, օրինակ, ուժերից մեկի ղեկավարին պահում է կալանքի տակ։
«Օրենքը սահմանում է միայն հավասար պայմաններ բուն քարոզչության համար, որպեսզի փոքր ուժերը ունենան նույնքան սահմանափակ ռեսուրսի հնարավորություն, որքան մեծերը։
Ես կարծում եմ՝ դուք առնվազն ազնիվ չեք այն պնդման մեջ, որ քաղաքական դաշտում այսօր կա ևս մի քաղաքական ուժ, իհարկե «խալաստոյ» փամփուշտներով կրակող, որը ՔՊ–ից շատ ավելի շատ գործիքներ է կիրառում քաղաքական, նաև ռեսուրսներ, նաև մարդկային, ֆինանսական, բայց դուք դրա մասին չեք խոսում։ Խոսքը «Ուժեղ Հայաստանի» մասին է»,–ասաց նա։
Դիտարկմանը, որ քաղհասարակության ներկայացուցիչներն ահազանգում են, որ բավականին մեծ թվով կանխիկ գումար է մուտք գործում երկիր այս օրերին, հատկապես Ռուսաստանից, արդյոք դրա հետ կապված ունեն մտահոգություններ, Արայիկ Հարությունյանն ասաց. «Ցանկացած շրջանառություն կանխիկի, որը չի հայտարարագրվում, ցանկացած պետության համար մտահոգիչ է, որովհետև իր մեջ պարունակում է խորշեր, որոնք պետք է բացահայտվեն։ Ես կարծում եմ, որ մեր իրավապահները և սահմանապահները բավականին արդյունավետ այդ ուղղությամբ աշխատում են՝ սահմանափակելով սև փողերի մուտքը Հայաստանի տնտեսություն և Հայաստանի քաղաքական դաշտ»։ Նա հավելեց, որ վերջին օրերին իրավապահները մի քանի այդպիսի դեպք բացահայտել են։











