Իրանի արտաքին գործերի փոխնախարար Սայիդ Խաթիբզադեն հայտնել է, որ Թեհրանը չի ընդունի ԱՄՆ-ի հետ ժամանակավոր հրադադարի համաձայնագրերը՝ համարելով, որ դա հետագայում կհանգեցնի մարտական գործողությունների վերսկսման։
Նրա խոսքով՝ նման հրադադարները ստեղծում են «արատավոր շրջան», սպառում դիվանագիտական ռեսուրսները եւ, ի վերջո, հանգեցնում պատերազմի։ Նա նշել է, որ միջնորդների միջոցով շփումները նպատակ ունեն գտնել հակամարտության երկարաժամկետ լուծում։
Խաթիբզադեն նաեւ մեղադրել է ԱՄՆ-ին եւ Իսրայելին պատերազմը սկսելու մեջ՝ հավաստիացնելով, որ նրանց գործողությունները վնասում են ոչ միայն Իրանին, այլեւ համաշխարհային տնտեսությանը։ Նա այն անվանել է «չհրահրված պատերազմ», որի համար Վաշինգտոնը պետք է պատասխան տա։
Փետրվարի 28-ին ԱՄՆ-ը եւ Իսրայելը ռազմական գործողություն սկսեցին Իրանի դեմ՝ հարվածելով խոշոր քաղաքներին, այդ թվում՝ Թեհրանին։ Ի պատասխան՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարեց Իսրայելի դեմ լայնածավալ գործողության մասին, հարվածներ հասցվեցին նաեւ տարածաշրջանի մի քանի երկրներում գտնվող ԱՄՆ թիրախներին։
Ապրիլի 11-ին Իսլամաբադում տեղի ունեցան Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ բանակցություններ։ Իրանի պատվիրակությունը գլխավորում էր Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը, ԱՄՆ պատվիրակությունը՝ Ջեյ Դի Վենսը։ Կողմերը չկարողացան համաձայնության գալ երկարաժամկետ կարգավորման շուրջ՝ պահպանվող անհամաձայնությունների պատճառով։





























