Հայ-վրացական տնտեսական կապերը թևակոխում են զարգացման նոր և ավելի գործնական փուլ։ Երևանում պաշտոնապես մեկնարկեց Վրաց-Հայկական Բիզնես Ասոցիացիայի (GABA) գործունեությունը` CARE Caucasus-ի «Her Power, Her Future» տնտեսական անվտանգության ծրագրի աջակցությամբ։

GABA-ն ստեղծվել է որպես տարածաշրջանային հարթակ՝ նպատակ ունենալով ամրապնդել Վրաստանի և Հայաստանի միջև առևտրային կապերը, աջակցելով միջսահմանային շուկա մուտք գործելուն և բիզնեսների ընդլայնմանը։ Այն դառնալու է կամուրջ երկու երկրների գործարարների միջև՝ ապահովելով գործնական աջակցություն, հանրային ու մասնավոր հատվածների միջև երկխոսությունը խթանելով նպաստելու է ներդրումներին, առևտրին, գիտելիքի փոխանակմանը։

DreamShots PH (15-2)_ (229).jpg (223 KB)

Լրագրողների հետ զրույցում GABA-ի հիմնադիր-տնօրեն Լալի Սվիմոնիան հայտարարեց, որ Հայաստանի բանկային ոլորտում ավելի քան 13 տարվա փորձ ունի, սակայն այժմ հանդես է գալիս հայ և վրացի բիզնեսմեններին միավորող ասոցիացիայի ղեկավար։ «Եթե Վրաստանում գործում է շուրջ 600 հայկական ընկերություն, ապա Հայաստանում ներկայումս ներկայացված է ընդամենը տասը խոշոր վրացական ընկերություն։ Սա մեծ բաց է, բայց միևնույն ժամանակ՝ հսկայական հնարավորություն վրացական բիզնեսի համար՝ մուտք գործելու արագ զարգացող հայկական շուկա»,- նշեց Լալի Սվիմոնիան։ Նրա խոսքով՝ ավելի քան 20 վրացական ընկերություններ արդեն իսկ հետաքրքրված են Հայաստանով, այդ թվում՝ լոգիստիկայի, շինարարության, խորհրդատվության, բանկային և AI ոլորտներից։

DreamShots PH (15-2)_ (290).jpg (164 KB)

GABA-ն ակտիվորեն գործելու է երկու շուկաներում։ Երևանում հյուրընկալված Վրաստանի առաջատար ընկերությունների ներկայացուցիչներն արդեն հանդիպել են հայկական բիզնեսի ներկայացուցիչների հետ, ծանոթացել և քննարկել են համագործակցության կոնկրետ ուղղություններ։ Լալի Սվիմոնիան վստահ է, որ անմիջական շփումը կհանդիսանա երկարաժամկետ գործընկերությունների հիմք, իսկ ձևավորված կապերը կվերածվեն նշանակալի և մասշտաբային բիզնես համագործակցությունների երկու երկրների միջև։

Միջոցառմանը մասնակցող ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Լիլյա Սիրականյանը ներկայացրեց վերջին տարիների վիճակագրությունը՝ նշելով, որ արձանագրվել է թռիչքային աճ։ Միայն 2026 թվականի հունվարին երկկողմ առևտրաշրջանառությունը կազմել է 52 միլիոն դոլար, իսկ դեպի Վրաստան հայկական արտահանման ծավալներն աճել են ավելի քան 70%-ով։ Փոխնախարարի խոսքով՝ ասոցիացիայի ստեղծումը կարևոր է կապերի ինստիտուցիոնալացման տեսանկյունից։ «Վստահ ենք, որ այն կդառնա արդյունավետ հարթակ` աջակցելու շուկա մուտքին, խթանելու գործընկերությունների ձևավորմանը և զարգացնելու փոքր և միջին ձեռնարկատիրությունը։ Հայաստանի կառավարությունը շարունակելու է քայլեր ձեռնարկել բիզնես միջավայրի բարելավման, ներդրումների ներգրավման և տարածաշրջանային համագործակցության ընդլայնման ուղղությամբ։ Այսօր մեկնարկող նախաձեռնությունները կբերեն նոր ներդրումների, նոր գործընկերությունների և համատեղ աճի»,– հայտարարեց Լիլյա Սիրականյանը։

DreamShots PH (15-2)_ (153).jpg (146 KB)

Ծրագրի շրջանակում անցկացվեցին երկու թեմատիկ պանելային քննարկումներ՝ նվիրված միջսահմանային բիզնեսի զարգացմանն ու շուկաների ինտեգրմանը։ Առաջին պանելային քննարկումը՝ «Կանանց ղեկավարությամբ բիզնես. տեղական ազդեցությունից դեպի տարածաշրջանային շուկաներ» թեմայով էր, երկրորդը՝ «Շուկա մուտք գործելու գործնական ասպեկտներ Վրաստանի և Հայաստանի միջև. մարտահրավերներ և լուծումներ» թեմայով։

DreamShots PH (15-2)_ (248).jpg (240 KB)

CARE Caucasus-ի գործադիր տնօրեն Նինո Բոլքվաձեն հայտնեց, որ «Her Power, Her Future» ծրագրի շրջանակում CARE Caucasus-ը հինգ տարի շարունակ աջակցել է կին ձեռներեցներին Վրաստանում և Հայաստանում։

«Մենք նաև մեծապես աջակցում ենք միջսահմանային առևտրի զարգացմանը, ինչպես նաև Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցությանը։ Մենք կազմակերպել ենք այս միջոցառումը, որը միավորում է քաղաքականության մշակողներին, բիզնես ոլորտին և վաճառքի ընկերությունների ներկայացուցիչներին՝ Հարավային Կովկասի երկու երկրների՝ Վրաստանի և Հայաստանի միջև երկխոսությունը, սահմանային համագործակցությունն ու առևտուրը խթանելու համար»,– նշեց CARE Caucasus-ի գործադիր տնօրեն Նինո Բոլքվաձեն։

DreamShots PH (15-2)_ (308).jpg (172 KB)

2022թ.-ի սեպտեմբերին մեկնարկած «Her Power, Her Future» ծրագիրն աջակցում է Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի գյուղական համայնքների կանանց տնտեսական հզորացմանը՝ ընդլայնելով նրանց հնարավորությունները ձեռնարկատիրության, միջսահմանային առևտրի և բիզնես ցանցերի մեջ։ Ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից և իրականացվում է CARE Caucasus-ի կողմից՝ գործընկեր կազմակերպությունների հետ։

DreamShots PH (15-2)_ (225).jpg (363 KB)

Վրաց-Հայկական Բիզնես Ասոցիացիայի երևանյան մեկնարկի ժամանակ ստորագրվեցին համագործակցության մի քանի պայմանագրեր։ Ասոցիացիայի հիմնադիրների համոզմամբ՝ տարածաշրջանային մարտահրավերների պայմաններում Վրաց-Հայկական Բիզնես Ասոցիացիայի ձևավորումը լուրջ քայլ է դեպի միասնական, կայուն և փոխշահավետ տնտեսական էկոհամակարգ։