Սակկարայի դամբարանում՝ Հին Եգիպտոսի ամենամեծ դամբարանադաշտերից մեկում, տեղի է ունեցել մի իրադարձություն, որը հնագետներն արդեն անվանել են մշակութային աղետ։ Հենտիկա անունով վեզիրի դամբարանից, որը ծառայել է Թետի փարավոնին Վեցերորդ դինսատիայի ժամանակ, գողացվել է հազվագյուտ կրաքարե ռելիեֆ, որը մոտ չորս հազար տարեկան է, գրել է Popular Mechanics-ը։
Այս արտեֆակտը եզակի էր. այն հին եգիպտական օրացույցի երեք եղանակները ներկայացնող ընդամենը երկու հայտնի պատկերներից մեկն է՝ Ախեթի (Նեղոսի ջրհեղեղ), Պերեթի (ցանքի ժամանակ) եւ Շեմուի (բերքահավաք):
Բարձրաքանդակը պատկերում է Հենտիկային աշխատանքի ժամանակ՝ վրձինը ձեռքին նկարակալի մոտ, ինչը տեսարանը դարձնում է ոչ միայն հազվագյուտ, այլեւ չափազանց անսովոր այդ ժամանակաշրջանի հուղարկավորության արվեստի համար:
Բարձրաքանդակը գտնվում էր մաստաբայում՝ ուղղանկյուն դամբարանում, եւ, ամենակարեւորը, փաստացի փակում էր ներքին խցերից մեկի մուտքը՝ կատարելով ինչպես ճարտարապետական, այնպես էլ խորհրդանշական գործառույթ: Այն հայտնաբերվել է 1952թ․ բրիտանացի եգիպտագետների կողմից եւ այդ ժամանակվանից համարվում է համալիրի կարեւոր տարրը:
Գողությունը տեղի է ունեցել մի շարք անհանգստացնող միջադեպերի ֆոնին. դրանից կարճ ժամանակ առաջ գողացվել եւ հալվել է փարավոն Ամենեմոպեին պատկանող մոտ 3000 տարեկան ոսկե ապարանջանը: Սա ընդգծում է հնությունների անօրինական շրջանառության աճող խնդիրը եւ նույնիսկ կարեւոր հուշարձանների խոցելիությունը:
Սակայն այս պատմության մեջ կա մի մանրամասն, որը գրեթե միստիկ երանգ է հաղորդում նրան։ Հենտիկայի դամբարանը քչերից մեկն է, որտեղ պահպանվել է անեծք պարունակող արձանագրություն՝ ուղղված մահացածի անդորրը խանգարողներին։ Տեքստում հստակ խոսվում է աստվածային պատժի մասին նրանց համար, ովքեր կհամարձակվեն ներխուժել տարածք։ Ըստ երեւույթին, գողերը կամ տեղյակ չեն եղել այս նախազգուշացմանը, կամ էլ որոշել են անտեսել այն։
Ժամանակակից հնագետները, իհարկե, հակված չեն բառացիորեն ընկալել նման անեծքները, բայց դրանց գոյությունն ինքնին արտացոլում է հին եգիպտական աշխարհայացքի կարեւոր կողմը. դամբարանը համարվում էր սրբազան տարածք, որը պաշտպանված էր ոչ միայն ճարտարապետորեն, այլեւ մոգական առումով։





























