Մեր տարածաշրջանում կան մեղադրանքներ, որոնք որոշակի հայելայնություն ունեն։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 18–ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նրան, որ մի կողմից Հայաստանը հայտարարում է խաղաղության մասին, մյուս կողմից Ադրբեջանը մշակութային ցեղասպանություն է իրականացնում Արցախում, հիմնահատակ ավերում է եկեղեցիները, արդյոք սա խաղաղություն է։

«Այդ հարցերին պատասխանելիս, գիտե՞ք ինչումն է դժվարությունը, որովհետև մենք պետք է մտնենք դաշտեր և խոսենք բաների մասին, որի մասին ընդունված չի և լավ չի խոսելը։ Ես նախկինում անուղղակիորեն խոսել եմ դրա մասին, ասել եմ՝ մենք պետք է նկատենք, որ մեր տարածաշրջանում կան մեղադրանքներ, որոնք որոշակի հայելայնություն ունեն։ Մենք ենք մեղադրում, մեզ են մեղադրում։ Մենք համոզված ենք, որ ասում ենք 100%–անոց ճշմարտություն, մյուս կողմն էլ է համոզված, որ ասում է 100%–անոց ճշմարտություն։ Պետք է մի օր կանգ առնել, պետք է վերջ տալ դրան, և այստեղ է, որ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ճանաչումը դառնում է առանցքային գործոն։ Հակառակ դեպքում այդ պրոցեսը կարող է գնալ հավերժ, և մենք տեղ չհասնենք և այս պատերազմի կոնֆլիկտի ցիկլը չհաղթահարենք։

Մենք պետք է կանգ առնենք, բայց դա չի նշանակում այդ հարցերը չքննարկել, դա նշանակում է՝ այդ հարցերը քննարկել այլ մթնոլորտում, այլ տրամաբանության մեջ»,–ասաց նա։

Փաշինյանը նաև նկատեց, որ այսօր ՀՀ տարածքում էլ կան պատմամշակութային հուշարձաններ, որոնք ոչնչացվում են, և դա է իր մտահոգության առարկան։