Այս ընտրությունները ճակատագրական նշանակություն ունեցող ընտրություններ են լինելու, ես չեմ հիշում մեր պատմության որևէ ընտրական փուլ, որտեղ խաղադրույքը այսքան բարձր լինի։ Այս մասին ապրիլի 18-ին Վանաձորում կայացած նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
«Ցավոք այսօր հասել ենք մի հանգրվանի, որտեղ ինքնությունն է հարցականի տակ դրված, մեր պատմության վերանայումն է հարցականի տակ դրված։ Մի կուսակցություն, որ ամենաշատ պատերազմն է բերել մեր ժողովրդին, ասում է, որ եթե հանկարծ իրենք չընտրվեն, կարող է պատերազմ լինի։ Պատերազմի միագլուխ կուսակցություն ՔՊ-ն համարձակվում է որևէ այլ ուժի մեղադրել պատերազմ բերելու մեջ, ինչը ուղղակի եզակի ցինիզմ է, հատկապես մեր ուժին, ում առաջնորդի ժամանակահատվածում պարոն նախագահի առաջնորդության ժամանակահատվածում ընդհանրապես պատերազմներ չեն եղել»,–ասաց նա։
Աննա Գրիգորյանը նկատեց, որ հայկական բանակում վերջին 4 ամսում խաղաղ պայմաններում արդեն 5–րդ զոհն է գրանցվել. «Աստված մի արասցե, եթե ՔՊ-ն մնում է իշխանության, մեր եկեղեցին է հիմնահատակ քանդվելու։ Ու սա ոչ թե կանխատեսում է, այլ իշխանությունը իր նախընտրական ծրագրում կետ է ներառել, ասում է՝ եթե ես գամ իշխանության, Ամենայն հայոց կաթողիկոսին հեռացնելու եմ։
ՔՊ–ի դեպքում փոխվելու է մեր սահմանադրությունը։ Այսօր ասում են՝ եկեք մեզ քվեարկեք, որ խաղաղություն լինի, ամիսներ հետո գալու են ասեն՝ եկեք գնանք, սահմանադրությունը փոխենք, Անկախության հռչակագիրը հանենք նախաբանից, այդ ժամանակ իրոք խաղաղություն կգա։ Իսկ իրականության մեջ տեղի է ունեում Ալիևի բոլոր պահանջների անխտիր բավարարում, էլ չեմ խոսում անկլավների մասին, որը այս իշխանությունը հայտարարել է, որ ադրբեջանական տարածքային ամբողջականության մեջ է մտնում։ Հետևաբար մեր ջանքերն էլ պետք է այնպիսին լինեն, որ թույլ չտանք մեր պետության և ինքնության ամբողջական կործանում»,– ընդգծեց Աննա Գրիգորյանը։
Նա խոսեց նաև ներքին կյանքում առկա մարտահրավերների մասին. «Մեզ շատ հուզում է խաղամոլության, թմրամոլության և կրիմինալի առկայությունը Հայաստանում։ Սա ուղղակի պետք է հիմնահատակ վերացվի, քաղաքական կամքի պարագայում թմրամոլությունն ուղղակի վերանալու է։
Գործող իշխանությունները խոշոր պրոյեկտների մասին են խոսում՝ Թրիփից մինչև «խաղաղության խաչմերուկ», մի իշխանություն, որ մետրոյի «Աջափնյակ» կայարան չի կարողանում կառուցել, 15 ջրամբար է խոստանում, մի ջրամբար նույնիսկ ութ տարվա մեջ չի կառուցել։
Այո, իշխանափոխությունից հետո, ինչպես սահմանն է անվտանգ լինելու, ինչպես մեր ինքնությունն է պահպանվելու, այնպես էլ խոշոր ծրագրեր ենք իրականացնելու՝ ենթակառուցվածքներ կառուցելով, տնտեսությունը հզորացնելով և ամենևին ոչ արտաքին պարտքի ավելացման հաշվին։
Մենք գնալու ենք այն վճռականությամբ, որ գիտակցում ենք այս բոլոր մարտահրավերները, և այստեղ մենք բոլորիդ կարիքը ունենք, բոլորիդ հաստատականության, վճռականության, ինչը անշուշտ կա և եղել է այս անցնող բոլոր տարիներին։ Եես վստահ եմ, որ մենք միասին կարողանալու ենք բեկել այս իրավիճակը»,– իր խոսքն ամփոփեց «Հայաստան» խմբակցության պատգամավորը։











