Երևանում տեղի ունեցավ միջազգային հեղինակություն ունեցող փորձագետների մասնակցությամբ գիտաժողով՝ «Մերձավոր և Միջին Արևելք. մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով։ Հասարակական-քաղաքական գործիչ Սուրեն Պետրոսյանի նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպման առանցքում էին աշխարհաքաղաքական ռիսկերը, Հարավային Կովկասի զարգացման սցենարները և Մերձավոր Արևելքի հակամարտությունների ազդեցությունը մեր տարածաշրջանի վրա։
Գիտաժողովի նախաձեռնող Սուրեն Պետրոսյանի համոզմամբ՝ այսօր աշխարհում ընթանում է ամենամահաբեր պատերազմներից մեկը, որը թիրախավորում է մարդկանց միտքն ու գիտակցությունը։ Նա նշեց, որ Հայաստանն այսօր ապրում է ինքնության և ճանաչողական խորը ճգնաժամի պայմաններում։ «Մեզ հայտարարված է բազմակողմանի պատերազմ։ Եթե մենք չճանաչենք աշխարհը և մեր տեղը դրանում, չենք կարողանա հաղթահարել այս կոգնիտիվ ճգնաժամը»,— ընդգծեց Սուրեն Պետրոսյանը։ Ըստ նրա՝ ելքը պետականության կենսունակության վերականգնումն է։ Հայաստանը պետք է դուրս գա «օբյեկտի» կարգավիճակից և դառնա գործընթացների «սուբյեկտ», որն ինքն է ձևակերպում իր ազգային նախագիծը, այլ ոչ թե պարզապես հարմարվում պարտադրված կանոններին։
Ռուսաստանից ժամանած հայտնի իրանագետ-արևելագետ Կարինե Գևորգյանի խոսքով՝ աշխարհը գտնվում է տևական և արագընթաց փոփոխությունների փուլում, որը կարող է շարունակվել մինչև դարի կեսերը։ Նրա դիտարկմամբ՝ Իրանի շուրջ ստեղծված լարվածությունն ու կոալիցիոն ճնշումները դեռևս ամբողջությամբ չեն պրոյեկտվել Հարավային Կովկասի վրա, սակայն Ադրբեջանի ռազմական ակտիվությունը վտանգավոր գոտի է ստեղծում Իրանի հյուսիս-արևմտյան սահմաններին։ Կարինե Գևորգյանը նկատեց, որ հայաստանյան հասարակության մեջ առկա է շփոթմունք՝ «ո՞վ է ավելի լավը» հարցի շուրջ, մինչդեռ իրականում գլոբալ վերափոխումների այս փուլում արտաքին ուժերից ոչ մեկն էլ «լավը» չէ, և պետք է առաջնորդվել սեփական շահով։
Թուրքագետ Վլադիմիր Ավատկովն անդրադարձավ Թուրքիայի դերին՝ նշելով, որ Անկարան, օգտագործելով կայսերական սինդրոմն ու էթնիկ-կրոնական գործոնը, ձգտում է դառնալ համաշխարհային ուժ։ Սակայն, ըստ մասնագետի, Թուրքիան բախվում է ռեսուրսների անբավարարության։ «Թուրքիան դեմ չէ Իրանի թուլացմանը, բայց մտահոգ է դրա արմատական թուլացմանը։ Իսկ Իսրայելի ընդլայնումը չի բխում թուրքական շահերից։ Թուրքիայի համար այսօր հիմնական հարցն այն է, թե արդյոք նա կլինի որպես ճաշացանկ սեղանի վրա, թե՞ սեղանի շուրջ՝ ճաշացանկը որոշողի դերում»,— նշեց փորձագետը։
Տնտեսագիտության դոկտոր Անդրեյ Կոբյակովը վերլուծեց մակրոտնտեսական միտումները։ Նա փաստեց, որ արտադրության ծավալներով Չինաստանն արդեն շրջանցել է հավաքական Արևմուտքին, իսկ մինչև 2030 թվականը Հնդկաստանը կդառնա համաշխարհային տնտեսության նոր «լոկոմոտիվը»՝ ապահովելով համաշխարհային ՀՆԱ-ի 10%-ը։ Կոբյակովը Միացյալ Նահանգների այսօրվա հզորությունը համեմատեց «մարած աստղի լույսի» հետ, որը դեռ տեսանելի է, բայց այլևս չունի նախկին էներգիան։ Ըստ նրա՝ աշխարհն անխուսափելիորեն գնում է դեպի բազմաբևեռ մոդելի։
Գիտաժողովի մասնակիցները միակարծիք էին՝ Հայաստանի համար կենսական է հասկանալ, թե ինչ է կատարվում անմիջական հարևանությամբ։ Մասնագիտական նման քննարկումները նպատակ ունեն ոչ միայն վերհանել սպառնալիքները, այլև գտնել այն ուղիները, որոնք թույլ կտան երկրին դառնալ տարածաշրջանային գործընթացները թելադրող և ազգային վերելքն ապահովող գործոն։











