Միանշանակ դատապարտելի և անթույլատրելի է ավտոբուսի վարորդների նկատմամբ բռնությունը, ինչպես նաև անթույլատրելի է Տիգրան Ավինյանի ապօրինի հրահանգները, վարորդը գումար հավաքագրող չի։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 21–ին, Երևանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում նշեց ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը։

«Դուք պատկերացնո՞ւմ եք, վարորդը հետևի երթևեկության անվտանգությա՞նը,  թե՞ սկսի հաճախորդի հետ կռվի բռնվել։ Ես չեմ հանդիպել չվճարող մի քաղաքացու, ով ասի՝ ես չեմ ուզում վճարել, ասում է՝ ես ուզում եմ, բայց ինձ գժի տեղ են դրել, իրենք ստվերը չեն վերացրել, մի հատ տուռնիկետ պիտի դնեին ու նաև կամերաներ, որ հաշվեին մարդկանց քանակը։

Վարորդների իրավասությունը չէ գումար հավաքելը, դա ապօրինի հրահանգ է, որը տալիս է Տիգրան Ավինյանը։ Չկա պետության մեջ մի կառույց, որ գա ասի Տիգրան Ավինյանին՝ տղա ջան, դու ո՞վ ես, որ ապօրինի հրահանգներ ես մարդուն ասել տա, Դու ո՞վ ես, որ մարդուն դրդես, որ ապօրինի  գործունեության ծավալի։ Վարորդի հետ կնքած պայմանագրում կա՞ գրված, որ ավտոն կանգնացնի, ասի՝ չեմ քշում ավտոբուսը։ Իհարկե չկա»,–ասաց նա։