Գերմանիայի դաշնային կառավարությունը հավանություն է տվել այն օրինագծին, որով ինտերնետ-մատակարարները պարտավորվում են երեք ամիս շարունակ պահպանել օգտատերերի IP հասցեները։ Այս մասին հայտնում է Welt-ը, որի տրամադրության տակ է հայտնվել 75 էջանոց փաստաթուղթը։
Նոր կարգավորումը նպատակ ունի դյուրացնել համացանցում կատարվող հանցագործությունների բացահայտումը։ Ներքին գործերի նախարար Ալեքսանդր Դոբրինդտը այս քայլն անվանել է «առանցքային գործիք», որը պետք է օգտագործվի հանցավոր ցանցերի դեմ։ Նրա խոսքով՝ չարագործները համակարգված կերպով օգտվում են համացանցի անանունությունից՝ երեխաների նկատմամբ սեռական բռնության նյութեր տարածելու, կեղծ առցանց խանութների միջոցով խարդախություններ անելու, ինչպես նաև ահաբեկչական և կազմակերպված հանցավորության նպատակներով։ «Մենք մեր ուժային կառույցներին օժտում ենք թվային տիրույթում անհրաժեշտ հզորությամբ», — հայտարարել է նախարարը։
Բացի IP հասցեների պահպանումից, օրինագիծն ընդլայնում է նաև դաշնային ոստիկանության լիազորությունները։ Մասնավորապես, ներդրվում է այսպես կոչված «պահպանության հրամանը», որը թույլ կտա հեռահաղորդակցության օպերատորներին պահպանել թրաֆիկի վերաբերյալ հավելյալ տվյալներ։ Դա կարող է իրականացվել նույնիսկ այն դեպքում, երբ դեռևս առկա չեն տվյալների հավաքագրման բոլոր իրավական հիմքերը։ Բացի այդ, պարզեցվում է բջջային կապի աշտարակներից տեղեկատվության ստացման գործընթացը։
Նախաձեռնությունը քննադատության է արժանացել անձնական տվյալների պաշտպանությամբ զբաղվող մասնագետների կողմից։ Վերջիններս նախազգուշացնում են խոսքի ազատությանը սպառնացող վտանգների և «համատարած հետապնդման» մթնոլորտի ձևավորման մասին։ Արդարադատության նախարարությունը, սակայն, հակադարձում է՝ պնդելով, որ IP հասցեների պարտադիր պահպանումը «մարդու հիմնարար իրավունքների կոպիտ խախտում չէ» և չի վերաբերում անձնական նամակագրության բովանդակությանը։




























