Ավստրալիայի առցանց անվտանգության կարգավորիչը խոշորագույն խաղային հարթակներից, այդ թվում՝ Roblox-ից, Minecraft-ից, Fortnite-ից և Steam-ից, պաշտոնական բացատրություններ է պահանջել երեխաների անվտանգության վերաբերյալ։ Ընկերությունները պետք է ներկայացնեն, թե ինչ քայլեր են ձեռնարկում անչափահասներին սեռական հանցագործներից և առցանց արմատականացումից պաշտպանելու համար։

Անվտանգության հարցերով հանձնաժողովն (eSafety) իրավաբանորեն պարտադիր ծանուցումներ է ուղարկել՝ պահանջելով մանրամասն տվյալներ տրամադրել անվտանգության համակարգերի, մոդերացիայի գործիքների և սպասարկող անձնակազմի վերաբերյալ։ Պահանջը չկատարելու դեպքում ընկերությունները խոստացել են խոշոր տուգանքներ և դատական հայցեր կիրառել։

Կարգավորող մարմինն ընդգծել է, որ առցանց խաղերը դարձել են դեռահասների շփման կարևորագույն միջավայրը. 8-ից 17 տարեկան 10 ավստրալացիներից 9-ը խաղում են այդ հարթակներում։ Հանձնակատար Ջուլի Ինման Գրանտի խոսքով՝ չարագործներն այդ խաղային հարթակներն օգտագործում են երեխաների հետ կապ հաստատելու, իսկ այնուհետև շփումը անձնական մեսենջերներ տեղափոխելու համար։ Բացի այդ, խաղային միջավայրն օգտագործվում է ծայրահեղական և արմատական գաղափարների տարածման նպատակով։

Այս քայլերն իրականացվում են անչափահասների համար առցանց վտանգների վերահսկողության խստացման համատեքստում։ Հիշեցնենք, որ անցյալ տարի Ավստրալիայում արգելվել է մինչև 16 տարեկանների համար սոցիալական ցանցերի օգտագործումը։ Այդուհանդերձ, կարգավորող մարմինը նշում է, որ երեխաների մի մասը շարունակում է օգտվել արգելված հարթակներից։

Առանձնակի ուշադրության է արժանացել Roblox-ը, որն ԱՄՆ-ում բախվում է երեխաների պաշտպանությանն առնչվող ավելի քան 140 դատական հայցի։ Ընկերությունն արդեն համաձայնել է բազմամիլիոնանոց փոխհատուցումներ վճարել մի շարք նահանգներին և հաշիվների նոր տեսակներ է ներդրել անչափահաս օգտատերերի համար։