Եթե ամեն ինչ գնա այնպես, ինչպես ուզում է իշխանությունը, և նրանց հաջողվի Ամենայն հայոց կաթողիկոսին հեռացնել, թեև դա անհնար է, ապա եկեղեցին պարզապես կքանդվի ֆիզիկապես։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը։

«Արդյո՞ք ուզում ենք մենք մեր եկեղեցին քաոսի վերածել։ Ինչի՞ պիտի  եկեղեցուն վերաբերող կետերը մտնեին քարոզարշավի մեջ, ինչո՞ւ եք փոթորկում մարդկանց կյանքը։ Ազնիվ պայքար մղեք մեկդ մեկի դեմ և թող ժողովուրդը ընտրի ում կընտրի, ինչպես որ ընդունված է և ծաղկեցրեք մեր պետությունը։ Ես չեմ կարող ասել՝ ինչու է իշխանությունը դա անում»՞,–ասաց նա։

Հարցին՝ եթե ՔՊ–ն վերընտրվի և Նիկոլ Փաշինյանը ժողովուրդ հավաքելով նորից գնա Մայր Աթոռ խնդիրը լուծելու, դրան ի՞նչ է հետևելու, Տեր Փառենը պատասխանեց. «Բնականաբար դա չի աշխատելու, որովհետև մենք ճանաչում ենք մեր ժողովրդին, մեր ժողովուրդը սիրում էր իր եկեղեցին։

Նախորդ անգամ մենք բոլորս այնտեղ էինք այդ օրը, շատ տհաճ էր, որովհետև երկու կողմի էր բաժանված հայ ժողովուրդը ոստիկանական պատով։ Հայոց պատմության մեջ ես չեմ հիշում դեպք, որ հայ ժողովուրդը, այն էլ սրբություն սրբոց Մայր աթոռ սուրբ  Էջմիածնում բաժանված լիներ երկու մասի։

Իրենց կողմից եկած մարդկանցից շատերին մենք ճանաչում ենք, ինչո՞ւ եք  այդ մարդկանց և մեզ բաժանում։ Ինչի՞ եք այդ մարդկանց դիմացի մարդկանցից բաժանում։ Հիմա մարդը իր խղճին նայելով պիտի գա Մայր տաճարի վրա՞, Հայ  մարդը գա հարվածի Մայր տաճարի դռա՞նը։

Ամենայն հայոց կաթողիկոսը ընտրված է ցկյանս, մինչև իր կյանքի վախճանը։ Աստված մեր վեհափառ Հայրապետին երկար տարիների կյանքը թող շնորհի, այդպես էլ լինելու է, վստահաբար։ Ձեր երազանքները, որ մարդկանց մեջ եք ուզում ներարկել, ինչու՞ համար եք դա անում։ Այս ինչուների պատասխանը թող իրենք տան և մարդիկ էլ թող լսեն, որ եկեղեցին միշտ պետականակենտրոն է, պետականամետ է և ժողովրդին սիրող է։

Վեհափառ Հայրապետը բոլոր տոներին հատուկ օրհնության կարգեր սահմանեց, որ մենք հոգևորականներս ավելի ուշադրություն դարձնենք մարդկանց։ Որ հիմա ասում են՝ եկեղեցին զավթված է, ժողովուրդը անընդհատ հետ է գնում եկեղեցուց, մինչդեռ մանուկների օրհնության կարգը, նորապսակների օրհնության կարգը, մայրերի օրհնության կարգը, զինվորների օրհնության կարգը, երիտասարդների օրհնության կարգը, բոլոր կարգերը Վեհափառ Հայրապետն է սահմանել։

Այսինքն նորից կեղծ ու սուտ թեզ է, որ որոշ պատճառով ժողովուրդը եկեղեցուց հեռանում է»,– ընդգծեց Տեր Փառենը։