Ամերիկյան Microsoft կորպորացիան մտադիր է առաջիկա երեք տարիների ընթացքում 25 միլիարդ ավստրալիական դոլար (մոտ 18 միլիարդ ԱՄՆ դոլար) ներդնել Ավստրալիայում արհեստական բանականության ենթակառուցվածքների զարգացման համար։

Ինչպես The Australian պարբերականին տված հարցազրույցում նշել է ընկերության ղեկավար Սատյա Նադելան, սա կլինի երկրում Microsoft-ի խոշորագույն ներդրումը։ Միջոցներն ուղղվելու են գերհամակարգիչների հզորությունների ավելացմանը, ամպային ծառայությունների ընդլայնմանն ու տվյալների մշակման կենտրոնների ստեղծմանը։

Նադելան ընդգծել է, որ Ավստրալիան տնտեսության մեջ արհեստական բանականության ներդրման և արդյունավետության բարձրացման հսկայական ներուժ ունի՝ չնայած աշխատատեղերի կրճատման հնարավոր ռիսկերին։ Մինչև 2028 թվականը ընկերությունը նախատեսում է ԱԲ վերապատրաստման դասընթացներ անցկացնել ավելի քան 3 միլիոն ավստրալիացու համար։

Ներդրումների մի մասը կօգտագործվի կիբերանվտանգության ամրապնդման համար՝ համագործակցելով Ավստրալիայի ազդանշանների վարչության հետ։

Վարչապետ Էնթոնի Ալբանիզը ողջունել է այս նախաձեռնությունը՝ նշելով, որ այն կարող է ամրապնդել երկրի կիբերպաշտպանությունն ու ստեղծել տնտեսական նոր հնարավորություններ։