Քաղաքացիական ավիացիայի ոլորտում Հայաստանը բախվում է համակարգային խնդիրների, որոնք արմատական լուծումներ են պահանջում։ Այս մասին Կառավարության ապրիլի 23-ի նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այս թեման բավականաչափ հասունացած է և մենք պետք է առերեսվենք այն իրականությանը, որ ժամանակակից ավիացիոն համակարգերին պատշաճ արձագանքելու և դիրքավորվելու համար ունենք գիտելիքի պակաս», - խոստովանել է Փաշինյանը։
Նրա խոսքով՝ այս բացը լրացնելու համար, ի թիվս այլնի, անհրաժեշտ են ոչ ստանդարտ լուծումներ։ Մասնավորապես՝ բարձրակարգ մասնագետների ներգրավում և կառավարման նոր մեխանիզմների ներդրում։ «Այդ գիտելիքը լրացնելու համար անհրաժեշտ են որոշակի արտառոց գործողություններ, այդ թվում՝ պատշաճ մասնագետների հրավիրում, համապատասխան կառուցակարգերի ստեղծում և Քաղավիացիայի կոմիտեի կարգավիճակի վերադասավորում այնպես, որ այն հնարավորություն ունենա նաև գեներացնել ծառայություններ և ունենալ սեփական բյուջե», - նշել է կառավարության ղեկավարը։
Վարչապետն ընդգծել է, որ այս փոփոխությունները թույլ կտան ապահովել մրցունակ աշխատավարձ և ներգրավել միջազգային բարձր մակարդակի մասնագետների։ «Մենք պետք է հնարավորություն ունենանք միջազգային շուկայում մրցունակ վարձատրություն ապահովել և աշխարհի բարձր մակարդակի մասնագետների հրավիրել, որպեսզի նրանք աշխատեն Հայաստանի Հանրապետության համար», - հավելել է Փաշինյանը։
Կառավարության ղեկավարը արձանագրել է, որ ներկայումս գոյություն ունեն բազմաթիվ ընթացակարգային խոչընդոտներ, որոնք թույլ չեն տալիս իրականացնել նման փոփոխություններ։ «Մենք ունենք բազմաթիվ ընթացակարգային խոչընդոտներ, որոնք թույլ չեն տվել այս ընթացքում դա անել, բայց մենք սկզբունքորեն որոշել ենք, որ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն պետք է ունենա առանձնահատուկ կարգավիճակ՝ հաշվի առնելով ոլորտում տեղի ունեցող բուռն զարգացումները», - ընդգծել է Փաշինյանը։
Նա նաև հայտնել է, որ Կառավարությունը մտադիր է համագործակցություն սկսել Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության հետ՝ կառավարման լավագույն մոդելն ընտրելու նպատակով։ «Մենք պետք է աշխատանքներ սկսենք Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության հետ, որպեսզի նրանք մեզ խորհրդատվություն տան, թե ինչպիսի կառուցակարգեր և մոդել ընտրենք, որը կհամապատասխանի մեր օրենսդրությանը և միջազգային ստանդարտներին», - պարզաբանել է Նիկոլ Փաշինյանը։
Նա նաև ընդգծել է ավիացիոն անվտանգության միջազգային ստանդարտների լիարժեք ներդրման կարևորությունը: «Մենք պետք է ավիացիոն անվտանգություն ասելով հասկանանք այն անվտանգությունը, որը սահմանված է ժամանակակից միջազգային ստանդարտներով։ Փորձել ասել, որ մենք մեր յուրահատկություններով պետք է առաջնորդվենք, չի ստացվի», - ասել է վարչապետը՝ ներկայացնելով նաև ոլորտի աճի ցուցանիշները:




























