Apple-ի գլխավոր տնօրեն Թիմ Քուկի խոստովանությամբ՝ իր պաշտոնավարման ընթացքում թույլ տված «առաջին իսկապես լուրջ սխալը» եղել է 2012 թվականին Apple Maps հավելվածի թողարկումը։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։
Այս հայտարարությունը Քուկն արել է հանրության հետ հանդիպման ժամանակ, որին ներկա է եղել նաև նրա հաջորդը՝ Ջոն Թերնուսը։
Քուկի խոսքով՝ հավելվածն ի սկզբանե անկայուն է աշխատել. օգտատերերը բողոքում էին սխալ երթուղիներից ու քարտեզի վրա օբյեկտների ոչ ճիշտ պատկերումից, իսկ նավիգացիան զգալիորեն զիջում էր մրցակիցներին։ Այս խնդիրները խիստ քննադատության և ընկերության ներսում կադրային փոփոխությունների պատճառ է դարձել։
Այն ժամանակ Apple-ը ստիպված է եղել հրապարակավ ներողություն խնդրել և նույնիսկ օգտատերերին խորհուրդ տալ ժամանակավորապես օգտվել այլընտրանքային ծառայություններից։
Որպես ձախողված նախագծեր՝ Քուկը հիշատակել է նաև AirPower անլար լիցքավորման կայանը և ինքնակառավարվող մեքենայի ստեղծման բազմամյա ծրագիրը, որն այդպես էլ իրականություն չի դարձել։
Միևնույն ժամանակ, նա ընդգծել է ընկերության ձեռքբերումները՝ առանձնացնելով հատկապես Apple Watch-ը։ Ըստ նրա՝ իրենք բազմաթիվ նամակներ են ստացել օգտատերերից, որոնցում վերջիններս պատմել են, թե ինչպես է այս սարքն օգնել փրկել իրենց կյանքը։
Քուկը նաև տեղեկացրել է, որ սեպտեմբերի 1-ին գլխավոր տնօրենի պաշտոնը թողնելուց հետո կստանձնի Apple-ի տնօրենների խորհրդի գործադիր նախագահի դերը։ Այդ կարգավիճակում նա կզբաղվի նաև քաղաքական շրջանակների հետ փոխգործակցության հարցերով։




























