Երևանում հանդիսավորությամբ բացվել է Իսպանիայի Թագավորության պատվավոր հյուպատոսությունը։ Հյուրերին դիմավորել են ֆլամենկոյի ու պաելյայի հայրենիքին բնորոշ տոնական մթնոլորտով, երաժշտությամբ ու հյուրասիրությամբ։
Ողջույնի խոսքով հանդես է եկել Հայաստանում Իսպանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռիկարդո Մարտինես Վասկեսը։ Նա նշել է, որ իսպանական կողմի համար մեծ պատիվ է հյուպատոսություն բացել հազարամյա պատմություն ու մշակույթ ունեցող երկրում։
Դեսպանն ընդգծել է երկու երկրների ամուր հարաբերություններն ու ժողովուրդների ընդհանուր արժեքները։ Նա առանձնակի նշել է պատվավոր հյուպատոս Աշոտ Փարսյանի վաստակը։ Փարսյանը 22 տարի առաջ Երևանում հիմնել է Իսպանական կենտրոնը։ Այնտեղ երեխաները հնարավորություն են ունեցել անվճար իսպաներեն սովորել և ժամանակի ընթացքում այդ համեստ նախաձեռնությունը վերածվել է երկու երկրների միջև մշակութային իրական կամրջի։
NEWS.am-ի հետ զրույցում պատվավոր հյուպատոս Աշոտ Փարսյանը նշել է, որ հյուպատոսության գլխավոր առաքելությունը ոչ միայն Հայաստանում Իսպանիայի քաղաքացիներին աջակցելն է, այլև երկու երկրների միջև տնտեսական ու մշակութային կապերի ամրապնդումը։ «Մենք ձգտելու ենք բարձրացնել մեր երկրում Իսպանիայի հանրաճանաչությունը՝ ակտիվորեն գործող կամուրջ դառնալով երկու ժողովուրդների միջև։
Հյուպատոսությունն ունի իր նախապատմությունը. ես Հայաստանում Իսպանական կենտրոնի հիմնադիրն ու նախագահն եմ, որն արդեն ավելի քան 20 տարի ակտիվ գործունեություն է ծավալում՝ խորացնելով իսպանախոս աշխարհի հետ կապերը: Մենք շարունակելու ենք նույն առաքելությունը»,- ասել է նա:
Հյուպատոսության տարածքում արդեն Olé ռեստորան է գործում բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են ծանոթանալ ավանդույթներին և հոյակապ իսպանական խոհանոցին: Այստեղ են գտնվում նաև Centro Hispano-ն և թանգարանային նմուշներ, որոնք պատկերացում են տալիս իսպանական մշակույթի մասին, ինչպես նաև պարբերաբար անցկացվում են թեմատիկ միջոցառումներ:











