Վերջին տասը օրվա ընթացքում հայաստանյան բանկերում և փոխանակման կետերում ամերիկյան դոլարի փոխարժեքը նվազել է 5-7 դրամով: Տնտեսագետ Սուրեն Պարսյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ սա նախընտրական պրոցեսին բնորոշ երևույթ է։ Այս փուլում շրջանառության մեջ են մտնում հսկայական ֆինանսական միջոցներ։ Տարբեր քաղաքական ուժեր շուկա են մուտք անում գումարները՝ նախընտրական ծախսերը հոգալու համար:

«Հայաստանում օրական մոտավորապես 80 միլիոն դոլարի արտարժույթային գործարքներ են կատարվում։ Երբ մի քանի տասնյակ միլիոն լրացուցիչ արտարժույթ է մտնում շուկա, առաջանում է կտրուկ տատանում»,— նշում է Սուրեն Պարսյանը։ Նրա խոսքով՝ այս պահին դրամի արժևորումը ձեռնտու է Կենտրոնական բանկին՝ որպես գնաճը զսպելու արդյունավետ գործիք: Չնայած Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը և բեռնափոխադրումների թանկացումը պետք է հանգեցնեին ապրանքների գների աճի, «ուժեղ» դրամը հակակշռում է այդ պրոցեսին՝ թույլ չտալով, որ ներկրվող ապրանքները կտրուկ թանկանան:

Դոլարի վրա ազդում են նաև գլոբալ գործոնները. ԱՄՆ պետական պարտքի աճը և վերաֆինանսավորման տոկոսադրույքի հնարավոր նվազեցումը թուլացնում են դոլարի գրավչությունը ներդրողների համար: Տնտեսագետի խոսքով՝ աշխարհաքաղաքական լարվածությունը՝ Մերձավոր Արևելքից կապիտալի արտահոսքը դեպի ավելի անվտանգ գոտիներ, այդ թվում՝ Հայաստան, լրացուցիչ ճնշում է ստեղծում ամերիկյան արժույթի վրա:

Սուրեն Պարսյանը չի բացառում, որ ընտրական պրոցեսների ավարտից հետո պատկերը փոխվի։ Կառավարությունը բավականին բարձր բյուջե է նախանշել, որի կատարողականն ապահովելու համար (թոշակների աճ, բժշկական ապահովագրություն, շինարարություն) հսկայական դրամական միջոցներ են հարկավոր: Այս մեծածավալ ծախսերը կարող են նոր գնաճային ճնշումներ ստեղծել, և պետությունը պետք է օգտագործի իր արտարժույթային պահուստները՝ իրավիճակը վերահսկելու համար:

Տնտեսագետի կանխատեսմամբ՝ մոտակա շաբաթները կամ ամիսը դեռևս կլինեն դրամի արժևորման ժամանակահատված, սակայն հետագա կայունությունը կախված կլինի պետական ծախսերի արդյունավետությունից և նավթի համաշխարհային գներից: