Եթե կան մարդիկ, ովքեր պատրաստ են մոռանալ իրենց անցյալը, պատմությունը, ընտանիքների ողբերգությունները, կդժվարանամ նրանց մարդ անվանել։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 24–ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը։

Անդրադառնալով նրան, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ուղերձում նշել էր, որ ովքեր գնում են կորուսյալ հայրենիքը հետ բերելու ճանապարհով, Հայաստանի պետականությունն են վտանգում, նա ասաց. «Ստիպել հայ ժողովրդին ուրանալ սեփական պատմությունն ու հիշողությունը, «չգիտեմ՝ ով պետք է լինես դրա համար։

Հայ ժողովուրդն ունենալով հիշողություն, ամենևին նույնական չէ կորուսյալ հայրենիք վերադարձի հետ։ Դրա մասին չէ Հայաստանի Հանրապետությունը։ ՀՀ-ն հայ ժողովրդի հայրենիքն է, որը պետք է պաշպանի նաև հայ ժողովրդի արժանապատվությունը, հիշողությունն ու պատմությունը։ Այն, ինչ անում է  այսօրվա իշխանությունը, ուղղակի նկարագիչ չունի, այդպես անգամ թշնամին չի կարողացել մեզ հետ վարվել։ Այսօրվա իշխանության քաղաքականությունը զուտ հարված է մեր ինքնությանը, հայ լինելու մեր արժեքին»։

Ինչ վերաբերում է նրան, որ Նիկոլ  Փաշինյանը հայտարարում է, որ դեռ մենք պիտի հասկանանք՝ ինչի համար է տեղի ունեցել ցեղասպանությունը, օրակարգ ով բերեց, որ թվին, երբ, արդյոք սա Ցեղասպանության ուրացում չէ, Թանդիլյանն ասաց. «Իրենք հետո փորձեցին ապացուցել, որ  չեն ուրանում, բայց այ հենց այդ տեքստերը և այդ տեսանկյունից մոտենալը հայոց Ցեղասպանությանը, հենց ուրացում է։ Հո չի կարող ասել՝ այդքան մարդ չի կոտորվել, հենց այդ ձևով են ուրանում։ Այո, դա ուրացում է, և նա ձգտում է հաճոյանալ թշնամաբար տրամադրված երկրներին։ Այո, նրանց հետ պիտի լինի  խաղաղություն, որովհետև մենք այստեղից չենք գնալու, իրենք էլ պիտի բանաձևը գտնել խաղաղության, բայց դա ամենևին սեփական պատմությունը ուրանալը չէ։

Գերմանիան ինչպե՞ս է վարվել, չի ուրացել իր պատմությունը, իր արարքները ընդունել է, հետամուտ լինել չի նշանակում տարածքային պահանջներ ներկայացնել։ Ընդ որում, ես հո չեմ ասում առաջնահերթ հետամուտ լինել։ Այո մեր պետությունը բազմաթիվ անելիքներ ունի մինչև այդ հարցին անդրադառնալը, բայց ստիպել սեփական ժողովրդին մոռանալ պատմությունը, այ դա է, որ ուրանում և դավաճանում է»։