Այն ամենը, ինչ անում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անում է առանց հաշվի առնելու ՀՀ շահերը։ Այս մասին ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի դիմաց լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ նախկին օմբուդսմեն, «Միասնության թեւեր» կուսակցության առաջնորդ Արման Թաթոյանը՝ մեկնաբանելով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից կազմակերպվող առաջիկա «խորոված փարթին»։
Ընդդիմադիր գործիչը նշել է, որ Փաշինյանը սա անում է միայն Ադրբեջանի եւ Թուրքիայի իշխանությունների բարեհաճությունը շահելու համար։
«Նա այս ամենը անում է միայն նրա համար, որ մարդիկ հանդիպումների ժամանակ թփթփացնեն նրա ուսին եւ գովաբանեն՝ ասելով. «Դուք ամեն ինչ ճիշտ եք անում»,- ասել է Թաթոյանը։
Նշենք, որ Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա հաջորդ օրը Երեւանի Հանրապետության հրապարակում կանցկացվի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից կազմակերպվող «խորոված փարթին»՝ այսպես կոչված Քաղաքացու օրը նշելու համար։ Երեկույթը կուղեկցվի համերգով՝ ինչպես տեղական, այնպես էլ հրավիրված աստղերի՝ երգիչների եւ դերասանների մասնակցությամբ։











