Նիկոլ Փաշինյանի քայլերը և իր վերընտրվելու հանգամանքը կարող է առաջացնել այնպիսի մարտահրավերներ, որոնց կառավարումը լինի անհնարին։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 24–ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
«Օրինակ, եթե ադրբեջանցիների վերադարձի հետ կապված որևէ փաստաթուղթ ստորագրվի, դա նշանակում է Հայաստանի նախիջևանացում։ Մենք փոքր ենք, 3 մլն, իսկ ադրբեջանը 10 մլն է՝ Թուրքիան չհաշված։ Ասիմիլացիա կլինի։ Այո, պատերազմ չի լինի, խաղաղություն կլինի, մենք մեր տները չենք ծախի 100,000 դոլարով, բայց կծախենք 40,000 դոլարով, ուրախ կլինենք, որ մեզ չկոտորեցին, մենք բոլոր դեպքերում մի քիչ հարմար գնով վաճառեցինք մեր տները և գնացինք Լոս Անջելես, Մոսկվա։ Դա դա այդպես է լինելու, դա այդպես է լինելու»,–ասաց նա։
Հարցին՝ իրենց կուսակցությունը որ ուժին է աջակցելու առաջիկա ընտրություններում, քանի որ որոշեցին չմասնակցել ինքնուրույն, Աղազարյանը պատասխանեց. «Մենք կսպասենք մինչև բոլոր կուսակցությունը գրանցվեն։ Ակնհայտ է, թե ում չենք աջակցելու։ Ընդդիմադիր դաշտում կան ուժեր, որոնց հետ մենք ճանապարհ ենք անցել, համագործակցություն ենք ունեցել, հիմա այս պահին նպատակահարմատ չենք գտնում այդ հարցին անդրադառնալ, ավելի ուշ կանդրադառնանք»։
Խոսելով ընդդիմադիր ուժերի հաթելու շանսերին, Աղազարյանն ասաց. «Եթե «Մեր ձևով» շարժումը չհամախմբի ընդդիմությանը մեկ դրոշի տակ, ապա Նիկոլ Փաշինյանը վերարտադրվելու է։ Եթե «Մեր ձևով» շարժումը համախմբի ընդդիմությանը մեկ դրոշի տակ, ապա Նիկոլ Փաշինյանը շանս չունի»։
Խոսելով իրենց կուսակցության մասին, Աղազարյանը նկատեց, որ եթե իրենք մասնակցեին ընտրություններին և ստանային 3.9 տոկոս ձայն, ապա այդ ձայները փոշիանալու էին, և նպաստելու էին Նիկոլ Փաշինյանի վերարտադրությանը։











