Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի սոցիալական հարցերի, կրթության, մշակույթի եւ քաղաքացիական հասարակության հարցերի մշտական հանձնաժողովի երկօրյա նիստի աշխատանքները փետրվարի 23-ին հանձնաժողովի համանախագահներն ամփոփել են մամուլի ասուլիսում:

ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀՄ-ական պատգամավոր Արտակ Զաքարյանը լրագրողներին տեղեկացրել է նիստում քննարկված երկու զեկույցների մասին` նվիրված Արեւելյան գործընկերության երկրներում քաղաքացիական հասարակությունների զարգացման ու աղքատության կրճատման հիմնախնդիրներին: Առաջին զեկույցի վերաբերյալ ստացված առաջարկներն ամփոփելուց հետո համազեկուցողները վերջնական ու ճշգրտված փաստաթուղթը կներկայացնեն Բյուրոյին` ապրիլին Բաքվում կայանալիք լիագումար նիստում ընդունելու ակնկալիքով:

Արտակ Զաքարյանի գնահատմամբ` այդ զեկույցը խորհրդատվական բնույթ ունի եւ ուղեցույց է Արեւելյան գործընկերության երկրներում քաղաքացիական հասարակությունների իրավունքներն ու ազատություններն ապահովելու, կարողություններն ավելացնելու, համախմբելու եւ կառավարության հետ համագործակցելու ճանապարհին: Սոցիալական նշանակության` աղքատության դեմ պայքարին վերաբերող հաջորդ զեկույցը նախնական էր, այն դեռ քննարկման լրացուցիչ փուլեր անցնելու կարիք ունի: Արտակ Զաքարյանը նկատել է, որ հանձնաժողովի աշխատանքներին մասնակցության ցուցանիշը բարձր էր, ներկա էր նաեւ ադրբեջանական պատվիրակությունը: Այս հանձնաժողովը, համանախագահի ներկայացմամբ, Եվրանեսթի ԽՎ-ում միակն է, որտեղ հնարավոր է լինում փոխհամաձայնության գալ եւ միասնական որոշումներ ընդունել:

Հանձնաժողովի լիտվացի համանախագահ Լայմա Լյուչիա Անդրիկիենեն լրագրողներին ասել է, որ գոհ է առաջին անգամ կազմակերպած արտագնա նիստի աշխատանքների արդյունքներից: Անդրիկիենեն երկօրյա քննարկումները գնահատել է արգասաբեր եւ որպես առանձնահատկություն նշեց ծավալված բաց բանավեճը, որն էլ ավելի հետաքրքիր դարձավ հայկական պլատֆորմի եւ երիտասարդական խորհրդարանի ներկայացուցիչների, մարդու իրավունքների պաշտպանի, ԵՄ-ի, միջազգային առաքելությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Նիստի ընթացքում քննարկվել են նաեւ մարդու իրավունքներին, կրթության եւ հեռուստատեսության օժանդակությանը, մարդկանց տեղաշարժի ազատությանը վերաբերող հարցեր: Եվրոպական խորհրդարանի պատգամավորն ուշագրավ է համարել, որ կանանց դերի բարձրացմանը նվիրված քննարկումն ամենաթեժն ու աշխույժն է ստացվել: