NEWS.am-ը ներկայացնում է Միխայել Օմեր Մանի հոդվածը` հրապարակված իսրայելական «The Jerusalem Post»-ի բլոգում:

Իրանի միջուկային ծրագրի առիթով մեծագույն մոլորություններից մեկը վերաբերում է Իսրայելի վախի հիմքերին: Իսրայելի վարչապետը մեջբերում է Իրանի նախագահի խոսքը, թե իսրայելական ռեժիմը պետք է վերացվի աշխարհի քարտեզից: Իրանի սպառնալիքները ստիպում են աշխարհին եւ Իսրայելին զգուշանալ երկրորդ Հոլոքոստից: Սակայն միանշանակ չէ, թե Իսրայելն ու աշխարհը դրանից են վախենում:

Իսրայելական զինուժի պլանավորման վարչության բարձրաստիճան պաշտոնյա, գեներալ-մայոր Ամիր Էշելը ներկայացրեց Իսրայելի վախը Իրանի միջուկային ծրագրից ռազմավարական համատեքստում: Նրա խոսքով, Իսրայելը կխուսափի սովորական պատերազմի մեջ մտնել Հեզբոլայի, Համասի եւ Սիրիայի հետ, եթե Իրանը դառնա միջուկային տերություն:

Էշելը բացատրեց, որ միջուկային զսպումը կտրուկ կփոխի տարածաշրջանում Իսրայելի ռազմավարական դիրքը: ԱՄՆ-ն ու Մերձավոր Արեւելքի տարածաշրջանային խաղացողները մտավախություն ունեն, որ Իրանի միջուկային զենքը կհանգեցնի սպառազինությունների տարածաշրջանային մրցավազքի:

Հունվարին Դավոսում Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը զգուշացրեց, որ եթե Իրանին թույլատրվի ունենալ ատոմային ռումբ, ապա տարածաշրջանի բոլոր խոշոր տերությունները ստիպված կլինեն դառնալ միջուկային տերություն: Սաուդյան Արաբիան, Թուրքիան եւ Եգիպտոսն անհրաժեշտություն կզգան համապատասխանել Թեհրանի հզորությանը:

Տարիների ընթացքում Վաշինգտոնի եւ Իսրայելի ներդրած միլիարդավոր դոլարների շնորհիվ Երուսաղեմի ձեռք բերած ռազմական որակական առավելությունը կչեզոքացվի, եթե արաբական երկրները դառնան միջուկային տերություններ:  

Նույնիսկ, մասնակի սովորական եւ միջուկային ռազմական հավասարակշռությունը Իսրայելի եւ հարեւան պետությունների միջեւ մեծ ռիսկ կլինի Իսրայելի նախորդ 45 տարիների եւ հետագա ռազմավարական պլանավորման համար: Եթե Իսրայելի հակառակորդները ձեռք բերեն միջուկային հզորություն, ապա տասնամյակների ընթացքում Իսրայելի ունեցած ազատությունը ռազմական գործողություններում կսահմանափակվի:

Իսրայելն ամբողջ աշխարհին փորձում է համոզել, որ միջուկային զենք ունենալու հնարավորությունից Իրանին զրկելու միակ միջոցը Թեհրանի դեմ ռազմական գործողությունների իրական սպառնալիքի ստեղծումն է, զուգորդած տնտեսական պատժամիջոցներով:

Իսրայելն ըստ էության ընդունում է, որ Իրանը ռացիոնալ խաղացող է, որին կարելի է զսպել ռազմական սպառնալիքներով եւ տնտեսական պատժամիջոցներով: Այդ մոտեցումը սնանկ է դարձնում Իսրայելի պնդումները, թե Իրանն իռացիոնալ ցեղասպանական սպառնալիք ներկայացնող պետություն է, որի ձեռքում միջուկային կոճակը կլինի աշխարհի վերջը: Իսկ ռացիոնալ հարթությունում Իրանի միջուկային զենքն ընդամենը կսասանի Իսրայելի տարածաշրջանային գերիշխանությունը:

Սակայն Երուսաղեմում եւ Վաշինգտոնում բարձրաստիճան պաշտոնյաները չեն հավատում, որ Թեհրանը մեծացնում է միջուկային զենք ստեղծելու հնարավորությունները: Իսրայելի զինուժի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Բենի Գանցը հայտարարեց, որ Իրանը կարող է մեկ տարում ստեղծել միջուկային զենք, սակայն նա չասաց, թե Իրանն արդեն սկսել է ստեղծման գործընթացը:

ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետան Կոնգրեսում կրկնեց, որ Իրանը շարունակում է ուրանի հարստացումը, սակայն Թեհրանը ռազմական միջուկային ծրագիր սկսելու որոշում դեռ չի ընդունել:

Իսրայելի եւ ԱՄՆ-ի ռազմական պաշտոնյաների մեծ մասը համակարծիք է, որ եթե, նույնիսկ, Իսրայելն ունի Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները ոչնչացնելու հնարավորություն` դա միայն մի քանի տարով հետ կգցի Իրանի ծրագիրը:

2011թ. դեկտեմբերին Պանետան ընդունեց, որ այդ օբյեկտներից մի քանիսը չափազանց դժվարհասանելի են: Հարձակման հետեւանքները կարող են զգալիորեն գերակշռել կարճաժամկետ ու սահմանափակ օգուտները: Ուժայինները կարծում են, որ ռազմական հարվածին Իրանը կպատասխանի Իսրայելի մի քանի ամսվա հրթիռակոծմամբ: Բացի այդ, Թեհրանն ամբողջ աշխարհում ահաբեկչական հարձակումներ կսկսի իսրայելական եւ հրեական թիրախների դեմ: Իսրայելում հասկանում են, որ Իրանի պատասխանի ամբողջ ծանրությունը կընկնի քաղացիական բնակչության վրա: