Խաղաղության հետ զուգահեռ սահմանապահը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, մեր անկախության կարևորագույն սիմվոլներից է և երբ որ ասում ենք, որ սահմանը կսահմանազատվի, կսահմանագծվի, մեր ցանկությունն է, որ մեր բանակի ծառայողները հնարավորություն ունենան իրենց ծառայությունը իրականացնել մշտական տեղակայման վայրերում։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 27–ին, ԱԱԾ սահմանապահ զորքերի կազմավորման օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը իր ելույթի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա, մասնավորապեես, նշել է. «Մենք այս նրբությունը նույնպես չենք նկատում, բայց տասնյակ տարիներով մեր բանակը իր ծառայության մեծ մասը անց է կացնում խրամատներում, դիրքերում, որոնց պայմանները մեզ հայտնի հանգամանքների բերումով լավագույնը չեն։
Իհարկե, մենք հիմա նաև սահմաններին ամրաշինական աշխատանքներ ենք իրականացնում, ինժեներական հսկայածավալ աշխատանքներ են իրականացվում, բայց մեր նպատակադրումը այն է, որ X պահի մենք նաև այդ ամրացված շրջանները կհանձնենք սահմանապահ զորքերին, որպեսզի սահմանապահ զորքերը այդ տեղերում նույնպես ծառայություն իրականացնեն։ Իհարկե, սա տեղի կունենա լիակատար խաղաղության պայմաններում, դեպի ուր մենք, իհարկե, ամեն ամսվա, ամեն շաբաթվա, ամեն օրվա հետ ավելի ու ավելի վստահ ենք քայլում և մեր տարածաշրջանը պատմական փոփոխություններ է ապրում և այդ փոփոխությունները միանշանակ դրական են»,–ասաց նա։











