Մեր խնդիրն է, որ Հայաստանի Հանրապետությունում սահմանապահ զորքերի գործառութային նշանակությունը և նաև սահմանապահ զորքերի ծառայության մասշտաբները գնալով ընդլայնվեն, որովհետև այնտեղ, որտեղ սահմանապահը կանգնած է, այդտեղ անվտանգության նկատմամբ վստահության ավելի մեծ մակարդակ կա։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 27–ին, ԱԱԾ սահմանապահ զորքերի կազմավորման օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը իր ելույթի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այս վստահության բերումով է, որ պետությունը, կառավարությունը որոշում է կայացնում սահմանի այս կամ այն հատվածը հանձնել սահմանապահ զորքերի ծառայությանը։
Բայց այս ամենը նշանակում է, որ մենք առաջիկայում պետք է գրավչության ավելի բարձր մակարդակ ապահովենք մեր սահմանապահ զորքերի համար։
Մյուս կողմից սա նշանակում է, որ մենք գնալով պրոֆեսիոնալիզմի ավելի բարձր մակարդակ պետք է ակնկալենք մեր սահմանապահ զորքերից, որովհետև խաղաղությունը նաև պատասխանատվություն է և չմոռանանք նաև, որ սահմանապահ զորքերը, սահմանապահ ծառայողները այն մարդիկ են, որոնք առաջինը դիմավորում են Հայաստան եկած օտարերկրյացիներին և պակաս կարևոր չէ, դիմավորում են արտերկրյա ճանապարհորդություններից Հայաստանի Հանրապետություն վերադարձող քաղաքացիներին։ յս հանդիպման պահը մենք պետք է շատ լրջորեն վերլուծենք և գնահատենք, որովհետև դա շատ կարևոր կոնտակտ է, որի տպավորությունները շատ բան կարող են փոխել և՛ օտարերկրացիների, և՛ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ընկալումների մեջ՝ սեփական պետության սեփական անկախության և ինքնիշխանության և պաշտպանվածության վերաբերյալ։
Հիմա մենք իհարկե այդ խնդիրը առաջադրել ենք և հաջողությամբ իրականացնում ենք և մեր սահմանապահ զորքերում լայնորեն իրականացվում են վերապատրաստման ծրագրեր պրոֆեսիոնալ մակարդակի բարձրացման շարունակական ծրագրեր։
Իհարկե գործում է նաև կամավոր ատեստավորման համակարգ, որը օգնում է նաև սոցիալական երաշխիքների ավելի բարձր մակարդակից օգտվել։
Ուրախությամբ եմ արձանագրում, որ նաև մեր սահմանապահ զորքերում ավելի ու ավելի շատ ժամկետային զինծառայողներ են ներգրավվում, և մենք նաև հնարավորություն ունենք, այդ թվում սահմանապահ զորքերում որոշակի ծրագրեր իրականացնել, որպեսզի ժամկետային զինծառայողները ավելի երկար ժամանակահատվածում իրենց գործունեությունը և կյանքը կապեն սահմանապահ զորքերի հետ։ Դա խողովակ կդառնա, որով մեր սահմանապահ զորքերը, այդ թվում սպայական անձնակազմը հետագայում և երկարաժամկետ ժամանակահատվածի համար համալրման առավել հուսալի մեխանիզմներ և եղանակներ կունենան։
Սահմանապահ զորքերի հարգելի ծառայողներ, կրկին ու կրկին շնորհավորում եմ բոլորիս սահմանապահի օրվա առիթով և կրկին շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ ձեր ծառայության համար ի շահ Հայաստանի Հանրապետության, նրա անկախության, ինքնիշխանության, պետականության, անվտանգության և ի շահ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, որոնք պետք է հպարտանան իրենց պետությամբ, որոնք պետք է սիրեն իրենց պետությունը, բայց շատ կարևոր է, որ պետությունը նույնքան սիրի քաղաքացուն, որքան քաղաքացին է սիրում պետությանը և այդ թվում սահմանապահ զորքերի ծառայությունից Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պետք է զգան պետության հոգատարությունը և սերը իրենց նկատմամբ։
Իհարկե այդ թվում սահմանապահ զորքերի ծառայողները պիտի զգան իրենց պետության հոգատարությունը և սերը իրենց նկատմամբ։
Եվ ուրեմն, կեցցե կեցցե Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերը, փառք նահատակներին և կեցցե Հայաստանի Հանրապետությունը։ Շնորհակալ եմ»։











