Դժվար է գտնվել թե՛ իշխանության, թե՛ որոշ ընդդիմադիր ուժերի քննադատության թիրախում, բայց դա անխուսափելի է, մենք արդեն սովորել ենք դրան։ Այս մասին News.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
Նրա խոսքով՝ կառավարության քննադատությունը բխում է այն փաստից, որ «Հայաստան» դաշինքը իշխող կուսակցության հիմնական արմատական ընդդիմությունն ու գաղափարական հակառակորդն է։ Վարդանյանը բացատրել է, որ այդ մասին են վկայում նաև կառավարության հակասական հայտարարությունները։ «Ասում են, որ չեք հաղթահարելու շեմը, հետո ասում են, որ գալու եք «Գյումրու-2» սցենարը, և Ռոբերտ Քոչարյանը («Հայաստան» դաշինքից վարչապետի թեկնածուն - խմբ.) կրկին կդառնա երկրի ղեկավար, հետո ասում են, որ մենք, իբր, զրոյական քաղաքական ազդեցություն ունենք», - հավելել է պատգամավորը։
Ինչ վերաբերում է ընդդիմադիր ուժերին, ապա նրանցից յուրաքանչյուրը, պատգամավորի գնահատմամբ, ունի իր մարտավարությունը։ Վարդանյանն ընդգծել է, որ եթե «Հայաստան» դաշինքի առջև դրված չէ որևէ բան ապացուցելու կամ ինքնահաստատվելու խնդիր, ապա տարբեր ուժեր, որոնք այս տարիների ընթացքում ակտիվ չեն եղել, նման նպատակներ են հետապնդում՝ սեփական ընտրազանգվածը մոբիլիզացնելու համար։ «Եթե մեզ հարվածելը իրանց օգնելու է իրանց ավելի շատ զանգված մոբիլիզացնել, ապա դա օգուտ կբերի ընդհանուր գործին։ Մենք առաջնորդվում ենք պարզ տրամաբանությամբ։ Մենք չենք պատրաստվում «կախարդական փայտիկ» խոստանալ քաղաքացիներին, չենք պատրաստվում խաբել նրանց և, հիմնվելով սոցհարցումների տվյալների վրա, հստակ ասում ենք՝ ոչ մի ուժ միայնակ չի կարող հասնել փոփոխությունների։ Հետևաբար, մենք համագործակցության կողմնակից ենք։ Ընդ որում, խոսքը կարող է չվերաբերել կոալիցիաներին»,- նշել է խորհրդարանականը։
Նա պարզաբանել է, որ եթե որևէ ընդդիմադիր ուժ չկարողանա միայնակ հաղթահարել ստեղծված իրավիճակը, և տարբեր ուժեր ստանան տարբեր քանակությամբ ձայներ, ապա «Հայաստան» դաշինքը պատրաստ է համագործակցության տարբեր ձևաչափերի՝ կախված հավաքած ձայներից։ Դաշինքը պատրաստ է փոխգործակցության, եթե փոփոխությունների իրականացումը կախված լինի իրենից։
«Եթե որևէ ուժ այլ բան է ասում, ապա նա պետք է բացատրի հանրությանը, թե ինչու չի ցանկանում գնալ այս ճանապարհով։ Ընդ որում, շատ հետաքրքիր կլինի հունիսի 8-ին նայել այն մարդկանց դեմքերին, որոնք իշխանությունների հետ նմանատիպ թեզեր են հնչեցնում։ Ինչ վերաբերում է հայտարարություններին, թե մենք չենք հաղթահարի անցողիկ շեմը, ապա մենք ինքնասպան չենք, որ գնանք ընտրությունների և հարվածի տակ դնենք Ռոբերտ Քոչարյանին, ում կրեդոն հաղթանակն է։ Բնական է, որ մենք այդպիսի խնդիր չունենք, երկու ամիս հետո հո՞ չենք փակելու դաշնակցության գրասենյակները»,- ընդգծել է Վարդանյանը։
Նա հայտնել է, որ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները ստանում են սոցհարցումների տվյալները, շփվում են մարդկանց հետ և, ելնելով դրանից, հասկանում են, որ ուժը նման խնդիր չունի։ Պատգամավորի կարծիքով՝ նման հայտարարությունները նպատակ ունեն «Հայաստան» դաշինքին ներքաշել մի քննարկման մեջ, թե արդյոք այն կհաղթահարի անցողիկ շեմը, թե ոչ։
«Մենք կենտրոնացած ենք երկրում իրավիճակի փոփոխության գործում առաջնային դեր խաղալու վրա։ Մենք պայքարում ենք դրա համար, այլ ոչ թե խորհրդարան անցնելու և որոշակի քանակությամբ մանդատներ ստանալու համար։ Միևնույն ժամանակ շատ հետաքրքիր է, որ ընդդիմադիր դաշտում հայտնված ուժերը կրկնում են Նիկոլ Փաշինյանի (ՀՀ վարչապետ – խմբ․) թեզերը։ Սա լակմուսի թուղթ է։ Ինչպե՞ս կարող եք հարվածել «Հայաստան» դաշինքին նույն թեզերով, ինչ իշխանությունները։ Դա ձեզ մոտ անհարմարություն չի՞ առաջացնում»,- հարց է ուղղել պատգամավորը՝ դիմելով այդ ուժերին։
Քրիստինե Վարդանյանը հավաստիացրել է, որ «Հայաստան» դաշինքը չի կենտրոնացնելու իր ուշադրությունը ընդդիմության ներսում առկա «կրծոցիների» վրա, քանի որ խնդիրը դա չէ, այլ ընդդիմության համար հնարավորինս շատ ձայներ ապահովելը և ընտրություններին առավելագույն բարձր մասնակցության հասնելը։ «Եթե սա բարեբեր հող է որոշ գործիչների համար նման հայտարարություններով հանդես գալու համար, ապա խնդիր չկա, թող հանդես գան։ Միևնույն է, նրանք չեն կարող անել ավելին, քան հինգ տարի շարունակ մեր դեմ անում է Փաշինյանի կազմակերպված ու հետևողական քարոզչամեքենան։ Սա ոչինչ է Փաշինյանի արածի համեմատ, հետևաբար՝ ոչինչ չի փոխում»,- ընդգծել է ներկայիս խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչը։
Նա հայտնել է, որ «Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզարշավը լինելու է շատ ակտիվ, և այժմ աշխատանքներ են տարվում այնպիսի ձևաչափերի ուղղությամբ, որոնք կարող են գրավել առավելագույն թվով ընտրողների ուշադրությունը: Պատգամավորը նշել է, որ այն մարդկանց շրջանում, ում ձայնը տեղ հասցնել հաջողվում է, հուսահատությունը հաղթահարելու հույս է արթնանում:
«Նայելով այն ուժերին, որոնք հնչեցնում են մեկը մյուսից պակաս լուրջ մտքեր՝ մարդիկ հասկանում են, որ հունիսի 7-ին պետք է ընտրեն նրան, ով կկարողանա ներկայացնել Հայաստանը շատ ծանր բանակցություններում, այդ թվում՝ Ադրբեջանի, Թուրքիայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի և այլ երկրների ղեկավարների հետ: Մարդիկ գիտակցում են, որ կարևոր է ընտրել այնպիսի մարդու, ով ի վիճակի կլինի այդ բանակցություններում ներկայացնել Հայաստանի շահերը: Այս լույսի ներքո մարդիկ հստակ խոսում են «Հայաստան» դաշինքի մասին: Հայաստանն ունի փորձառու բանակցողի կարիք: Մենք փորձում ենք քաղաքացիներին տեղ հասցնել այս նարատիվները»,- եզրափակել է Քրիստինե Վարդանյանը:











