Սիրիայի շուրջ իրադարձությունների զարգացումը տվյալ փուլում այդ երկիր ռազմական ներխուժման մասին չի վկայում, եւ իրավիճակը կարելի է բնութագրել որպես միջոցառումներ` ուղղված արտաքին խաղացողների կողմից Ասադի իշխանությունը ներսից քայքայելուն: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը:
Նրա խոսքով` արտաքին ուժերը եւ, առաջին հերթին, սուննիական արաբական պետությունները, Թուրքիան ու ԱՄՆ-ը ջանում են առավելագույնն աջակցել սիրիական ընդդիմությանը, եւ առայժմ պարզ չէ, թե դա ինչի կարող է հանգեցնել:
Ինչ վերաբերում է Սիրիայում հայ համայնքներին, ապա, Մինասյանի խոսքով, համեմատաբար աշխարհիկ ազգայնական ռեժիմները ինչպես Ասադի, այնպես էլ Եգիպտոսում Մուբարաքի դեպքում, համապատասխանում էին կրոնական եւ էթնիկ փոքրամասնությունների, այդ թվում`հայերի շահերին. «Ասադի փոխարեն ով էլ գա, որոշակիորեն վատ է լինելու էթնիկ փոքրամասնությունների համար, այդ թվում` ալավիթների համար, որոնց ներկայացնում է գործող նախագահը»:
Փորձագետը նաեւ նշեց, որ Սիրիայում ռեժիմի փոփոխման հետեւանքով կմեծանա Լիբանանում հայ համայնքը, կսկսվի հայերի արտագաղթ ԱՄՆ եւ Ֆրանսիա, հնարավոր է նաեւ` Հայաստան:



























