1988 եւ 1990 թվականներին Սումգայիթի եւ Բաքվի հայկական կոտորածները պետք է առաջին հերթին քննադատի Ադրբեջանը: Այդ մասին, այսօր` փետրվարի 28-ին, հայտարարել է ԱԺ-ում` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը:
«Կան բազմաթիվ պատմական ապացույցներ Սումգայիթի ջարդերի մասին: Սակայն նրանք միջազգային հանրության կողմից արժանի գնահատական չի ստացել: Ամենամեծ արժեքը մարդկային կյանքն է: Մարդկային կյանքը պետք է առաջնահերթ լինի բոլոր միջազգային կառույցների համար»,-ասել է Էնֆիաջյանը: Դրա համար էլ միջազգային հանրությունը պետք է զգոն լինի, որպեսզի կանխնի նման ողբերգությունների կրկնությունը ապագայում: «Նման վտանգ կա, քանի դեռ Ադրբեջանում տեղի ունեցած կոտորածները չեն քննադատվել միջազգային հանրության կողմից, ինչպես նաեւ հենց Ադրբեջանի կողմից»,-նշել է Էնֆիաջյանը:
Իր հերթին, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը հայտարարել է, որ Հայաստանում ապաստան գտած հարյուր հազարավոր մարդկանց սոցիալական ապահովության հարցը իշխանությունների կողմից արժանի ուշադրության չի արժանացել:
«Մինչ օրս Ազգային ժողովը քաղաքական գնահատական չի տվել այդ իրադարձություններին: Բացի այդ, արդեն երրորդ տարին է կառավարությունը մերժում է տուժած բնակիչների ապահովման վերաբերյալ «Ժառանգության» առաջարկությունը»,-ընդգծել է Ալավերդյանը: Հաշվի առնելով, որ 2013-ին լրացել է Սումգայիթի կոտորածի 25 ամյակը, «Ժառանգություն» կուսակցությունը կոչ է արել որոշակի քայլեր ձեռնարկել, որ Ադրբեջանի անմարդկային քաղաքականությունը միջազգային քննադատության արժանանա:




























