Սահմանադրական խորհուրդն իր անդամների մեծամասնությամբ արդեն կանխորոշված դիրքորոշում ուներ եւ, բոլոր առումներով, իր իրավասություններից դուրս գալով քաղաքական որոշում կայացրեց: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի եվրոպական գրասենյակի ղեկավար, Ռոն Ալպ տարածաշրջանային տեղամասի պատգամավոր Հիլդա Չոբոյանը` անդրադառնալով Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի կողմից ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը հակասահմանադրական ճանաչելուն:

Նա նշեց, որ Ֆրանսիայում այլեւս մարմին չկա, որին կարելի է դիմել, Սահմանադրական խորհուրդն ամենաբարձր մարմինն է, սրանից հետո պատրաստվում են դիմել եվրոպական ատյաններ: «Ինչպես նաեւ, Ֆրանսիայի մեջ հիմնական աշխատանք կտանենք, որպեսզի իր կեցվածքը փոխի այս հարցում»,- հավելելեց նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը հակասահմանադրական է ճանաչել ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը:

Նշենք, որ Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը քննարկել է այսօր` փետրվարի 28-ի երեկոյան:

Ֆրանսիայի Ազգային Ժողովի պատգամավոր Վալերի Բուայեի ներկայացրած օրինագծին Ֆրանսիայի Ազգային ժողովը հավանություն է տվել 2011 թվականի դեկտեմբերի 22-ին, Սենատը` այս տարվա հունվարի 23-ին։

Ֆրանսիացի մի խումբ սենատորներ օրինագիծը վիճարկել են Սահմանադրական խորհրդում: