Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհուրդը (CCAF) վճռականորեն դատապարտում է ցեղասպանությունների քրեականացման վերաբերյալ Սահմանադրական խորհրդի փետրվարի 28-ի որոշումը: Այդ մասին նշվում է կազմակերպության կայքում հրապարակված հայտարարության մեջ:
«Սահմանադրական խորհուրդն ընդունել է անարդար եւ զուտ քաղաքական որոշում:
Խորհուրդը երկակի ստանդարտների տրամաբանությամբ կարծում է, որ Ֆրանսիայում ընդունված ցեղասպանությունները, վերջին հաշվով, հավասար չեն օրենքի առջեւ: Հունվարի 23 –ի ցեղասպանությունների ժխտումը քրեականոցնող օրենքը ներդաշնակեցնում էր ֆրանսիական իրավաբանական զինանոցը` Հոլոքոստի ժխտման ճնշումը տարածելով օրենքով ճանաչված բոլոր ցեղասպանությունների վրա:
Սահմանադրական խորհուրդը նաեւ հաշվի չի առել եվրոպական դոկտրինը` կարծիքի ազատ արտահայտման սահմանափակման նկատմամբ: Պատմականորեն հաստատված միջազգային հանցագործության վիճարկումը չի պաշտպանվում կարծիքի արտահայտման ազատությամբ, երբ խոսքը մարդկության դեմ կատարված հանցագործության մասին է:
Սահմանադրական խորհուրդն ընկրկեց Թուրքիայի միջամտության առջեւ, որի լոբբին մեր ընտրյալների շրջանում վնասեց մեր ինստիտուտների անկախությանը: Ուստի հիմնավոր է հարցադրում կատարել Սահմանադրական խորհրդի որոշ անդամների անաչառութւյան մասին: Սահմանադրական խորհուրդն աննախադեպ ցինիկ ժեստ է արել հօգուտ ժխտողական պետության եւ ընդդեմ բարոյականության եւ արդարության:
Ֆրանսահայ կազմկերպությունների համակարգող խորհուրդը ֆրանսիական ողջ քաղաքական խավին կոչ է անում այդ որոշումը գնահատել հանրապետության տարածքում ժխտողականության տարածման տեսանկյունից: Մենք ուժեղ եւ վճռական գործողություններ ենք ակնկալում ֆրանսիական գլխավոր քաղաքական կազմակերպությունների կողմից, որոնց նախագահական թեկնածուներ Նիկոլա Սարկոզին եւ Ֆրանսուա Օլանդը բազմիցս են հայտարարել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու օրենքը պաշտպանելու մասին: Սահմանադրական խորհրդի որոշումից հետո նրանց վերջին հայտարարությունները հաստատում են դա: Նոր օրինագիծը պետք է ներկայացվի խորհրդարանի քննարկմանը հնարավորինս շուտ: Անհրաժեշտ է հաստատել մեր ինստիտուտների անկախությունն ու ինքնիշխանությունը»,-ասված է հայտարարության մեջ:




























