Հայաստանի պատմության մեջ չի եղել մի դեպք, որ իշխանությունները մոտենան ընտրություններին այսքան անմխիթար վիճակում` տնտեսական ծանր վիճակ, թանկացումներ, արտագաղթ: Այս մասին, այսօր` մարտի 1-ին, Ազատության հրապարակում ընդդիմության հանրահավաքում հայտարարեց ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը:
«Ազատ եւ արդար ընտրությունների շուրջ արդեն համագործակցություն է սկսվել, եւ ՀԱԿ-ը պատրաստ է այնքան խորացնել այդ համագործակցությունը, որ չեզոքացնենք գլխավոր ընտրագողին` Հանրապետական կուսակցությանը:
Ի տարբերություն 2007 թվականի, երկրում գործում է միացյալ ընդդիմություն, ժողովրդի վստահությունը վայելող շարժում` ի դեմս Հայ ազգային կոնգրեսի, որն ի վիճակի է վերահսկել ընտրությունները, օգտագործել դրանք երկրում քաղաքական մթնոլորտը արմատապես փոխելու համար»,- ասաց նա:
Զուրաբյանի ներկայացմամբ, իշխանություններն, զգալով իրենց վիճակի թուլությունը, դիմել են աննախադեպ քայլի` ընտրացուցակի առաջին տեղում նշելով գործող նախագահի անունը, որ ամրապնդեն կուսակիցներին:
Զուրաբյանը կրկնեց ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանի միտքը, որ մայիսի 6-ը նախագահական ընտրությունների առաջին փուլն է:
Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ներկայացրեց տնտեսական վիճակը` բացառապես պաշտոնական տվյալների հիման վրա: Ըստ նրա անգամ այդ թվերն են ապացուցում, որ Հայաստանն անմխիթար վիճակում է:
Բագրատյանը նաեւ անդրադարձավ ԱՊՊԱ-ի խնդրին: Ըստ նրա, մինչ ԱՊՊԱ-ն մեքենաների ապահովագրումը կազմում էր 10 հազար դրամ, իսկ այժմ 37 հազար, այն էլ պարտադիր: «Գինն էլ ֆիքսում է կենտրոնական բանկը: 8 ընկերություններն անգամ առաջին տարին փակել են շահույթով: Լավ գիտե՞ք, թե ումն են այդ ընկերությունները եւ ո՞ւմ միջեւ են բաժանվում: Ինչո՞ւ եք այդ փողը վերցնում, տալիս մասնավորին»,- ընդգծեց նա:




























