Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքը` նվիրված 2008թ. մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների տարելիցին, ավարտվել է, հանրահավաքի մասնակիցները երթով շարժվում են դեպի Մյասնիկյանի արձան, որտեղ 2008թ. 10 մարդ զոհվեց:

Երթը սկսվել է ՀԱԿ առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթից հետո: Հանրահավաքը վարող Նիկոլ Փաշինյանը նշել է, թե ընդդիմության հաջորդ հանրահավաքը կայանալու է մարտի 30-ին: Նա սակայն, չի բացառել, որ մինչ այդ եւս մեկ հանրահավաք կայանա, եթե իրադարձությունները պահանջեն:

ՀԱԿ-ի համապետական հանրահավաքը մեկնարկել էր Ազատության հրապարակում, ժամը 18:10-ին եւ նվիրված էր 2008թ. մարտի 1-ի ողբերգական իրադարձություններին:

Հանրահավաքին մասնակցել են ՀԱԿ առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, ՀԱԿ-ին անդամակցող քաղաքական ուժերի ներկայացուցիչները: Հանրահավաքը վարել է «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը: