Դիմա Բիլանը եւ t.A.T.u. խմբի նախկին անդամ Յուլյա Վոլկովան կմասնակցեն «Եվրատեսիլ-2012»- ի ռուսաստանյան ներկայացուցչի ընտրությանը «Back To Her Future» երգով, որի հեղինակները հիթեր են գրել Ջենիֆեր Լոպեսի, Քայլի Մինոուգի եւ Ուիլոու Սմիթի համար:
Հաղթողի անունը կորոշվի մարտի 7-ին: Ազգային ընտրական փուլին կմասնակցեն 25 կատարողներ: «Ռոսիա 1» հեռուստատեսության ուղիղ եթերով մարտի 7-ին պարզ կդառնա Ռուսաստանի մասնակցի անունը:
Բիլանի պրոդյուսեր Յանա Ռուդկովսկայան լրագրողներին հայտնել է, որ իրենք Դիմայի հետ մինչեւ վերջերս կասկածում էին` արժե երրորդ անգամ մասնակցել մրցույթին, թե ոչ, բայց վերջին պահին որոշել են ներկայացնել հայտը: Նրա խոսքով` երգը չափազանց լավն է, ափսոս է այն կորցնել: Դժվար է հավատալ, որ երկու անգամ Եվրատեսիլում հաջող ելույթ ունեցած երգիչը կարող է այս անգամ հաղթել, գրում է INFOX.ru-ն:
Յուլյա Վոլկովան «Եվրատեսիլին» մասնակցել է 2003թ.` «Տատու» խմբի կազմում (3-րդ տեղ): Դիմա Բիլանը մասնակցել է երկու անգամ` 2006թ. (2-րդ տեղ) եւ 2008-ին` դառնալով մրցույթի հաղթող եւ Մոսկվային հնարավորություն ընձեռելով Եվրոպայի հեղինակավոր մրցույթն անցկացնել իր տարածքում:











