Իրանական ատոմային ծրագիրը դատապարտող բանաձեւը, որ ընդունվել է նախօրեին՝ նոյեմբերի 27-ին՝ ՄԱԳԱՏԷ-ի կողմից, «թատերական եւ անպետք» բանաձեւ է: Փաստաթղթին նման գնահատական է տվել պաշտոնական Թեհրանը: ՄԱԳԱՏԷ-ում Իրանի ներկայացուցչի խոսքով, բանաձեւը, որի օգտին քվեարկել են 35 երկրներից 25-ը, այդ թվում ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի բոլոր մշտական անդամները, վնաս կհասցնի իրանական միջուկային ծրագրի բանակցությունների կառուցողական բնույթին:

«Այդ բանաձեւի քվեարկությունը թատերական բեմականացում էր, որի նպատակն էր տպավորություն գործել Իրանի վրա»,- հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Ռամին Մեհմանփարաստը՝ նկատելով, որ «նման մոտեցումն անիմաստ է», հայտնում է «Ինտերֆաքսը»:

Միեւնույն ժամանակ, ինչպես հայտնել է ՄԱԳԱՏԷ-ում Իրանի ներկայացուցիչ Ալի Ասգար Սոլթանիեն, Թեհրանը նման պայմաններում կարող է նվազագույնի հասցնել ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությունը: Ըստ AFP-ի, հետագայում, գործակալության հետ փոխգործակցության ժամանակ Իրանը կատարելու է միայն պարտավորությունների իրավաբանական ձեւակերպումները:

Նաեւ Իրանը սպառնացել է, թե այդ բանաձեւի դեպքում դիտարկելու է ուրանի հարստացման այլ տարբերակներ:

Նշենք, որ այդ բանաձեւով լուրջ անհանգստություն էր հայտնվել, որ Թեհրանը շարունակում է արհամարհել միջազգային հանրության պահանջները: Համաձայն փաստաթղթի, Իրանը պետք է անհապաղ սառեցնի ուրանի հարստացման նախագիծը: