Հաշվի առնելով «Հայաստանի միջազգային օդանավակայաններ» եւ «Արմավիա» ընկերությունների միջեւ առկա կոնֆլիկտը, խնդրի լուծումը թողնվել է նրանց հայեցողությանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Նելլի Չերչինյանը:

Սակայն, նրա խոսքով, այս դեպքում խոսքը նաեւ քաղաքացիների շահերի մասին է եւ ելնելով այդ հանգամանքից, Քաղավիացիայի գլխավոր վարչությունը պարտավորություն է ստանձնել այսօրվա ընթացքում հանդիպում կազմակերպել կոնֆլիկտող երկու ընկերությունների ներկայացուցիչների միջեւ:

«Ինչ վերաբերում է չիրականացված Երեւան-Մոսկվա եւ Երեւան-Ռոստով չվերթների ուղեւորներին, ավիաընկերությունն իր պարտավորությունից ելնելով, պետք է հոգ տանի նրանց մասին»,-ընդգծել է Չերչինյանը:

Ավելի վաղ «Արմավիա» միջազգային ավիաընկերության մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան NEWS.am-ին հայտնել էր, որ «Արմավիան» անժամկետ գործադուլ է հայտարարել: Նրա փոխանցմամբ, գործադուլը չի դադարելու, մինչեւ երեւանյան միջազգային «Զվարթնոց» օդանավակայանը չփոխի գնային քաղաքականությունը:

«Այս պահին ոչ մի չվերթ չի լինելու: Մենք պահանջում ենք բանակցություններ»,- մանրամասնեց Նանա Ավետիսովան` տեղեկացնելով, որ չվերթներն «Արմավիա»-ն դադարեցրել է այսօր առավոտից:

Իր հերթին «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասվում է.

«Արմավիա» ընկերությունը, լինելով ազգային փոխադրող, ի տարբերություն մյուս ավիաընկերությունների օգտվում է մեր ընկերութան կողմից տրամադրված հատուկ սակագներից:

Ավելին, ըստ «Ռոսնավիգացիա» կազմակերպության կողմից ստացված հեռագրի, կուտակված պարտքերի պատճառով «Արմավիա» ավիաընկերությանն արգելվում է թռիչքներ իրականացնել դեպի Ռուսաստան եւ մուտք գործել Ռուսաստանի օդային տարածք:
Ըստ երեւույթին, ավիաընկերության համար թանկ են ոչ միայն Հայաստանում այլեւ Ռուսաստանում գործող սակագները:

Մեր ընկերությունը բացասական է գնահատում «Արմավիա» ավիաընկերության կողմից անհարիր շահարկումները եւ անհիմն ու կեղծ մեկնաբանությունները եւ ցավում է, որ միակ ազգային փոխադրողը հայտնվել է այսպիսի վիճակում:

Նաեւ տեղեկացնում ենք, որ մյուս բոլոր փոխադրողների կողմից իրականացվող չվերթները կատարվում են ժամանակին եւ անխափան»: