Այս տարվա փետրվարին հացի գինը հունվարի նկատմամբ չի փոխվել: Այդ մասին, այսօր` մարտի 6-ին, լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության գների եւ միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը: Իսկ հունվարին էլ արձանագրվել է 0.1 % հացի գնաճ, սակայն ալյուրի գների աճն ավելի զգալի է եղել:

Ըստ Գ. Մարտիրոսյանի`բարձր կարգի ալյուրը հունվարին նախորդ ամսվա համեմատ թանկացել է 0.3 %-ով, իսկ փետրվարին` եւս 4.4 %-ով: Գ. Մարտիրոսյանը նշեց, որ տվյալ ամսում գների վերջին դիտարկումը իրականացվում է 20-ին, ուստի ամսվա վերջում գների փոփոխությունները արձանագրվում են հաջորդ ամսվա գնաճի մեջ: Ի դեպ` ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի դիտարկումներով ` ալյուրի գինը շուկայի գերիշխող դիրք ունեցող ընկերությունները բարձրացրել են 9 %-ով` միջազգային գների բարձրացման պատճառաբանությամբ: Ալյուրի շուկայում գերիշխող դիրք գրավողներն են` «Մանանա գրեյն» եւ «Ալեքս Գրիգ» ընկերությունները:

Ըստ պաշտոնական վիճակագրության` հացամթերք ապրանքային խմբում գները փետրվարին հունվարի նկատմամբ աճել են 0.6 %-ով, մասնավորապես` ձավարը` 1.1%, բրինձը 1.2%, լոբին`2.3%, բարձր տեսակի ալյուր 4.4%, սիսեռ 6.8% գնաճով: