Առաջիկա րոպեներին «Զվարթնոց» օդանավակայանում սկսվելու են «Արմավիա» ավիաընկերության եւ «Արմենիա Միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի բանակցությունները: Այդ տեղեկատվությունը հաստատեցին երկու ընկերություններում, որոնց ներկայացուցիչները մասնակցելու են Հայաստանի քաղաքավիացիայի գլխավոր վարչության նախաձեռնած հանդիպմանը:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում «Արմավիա» ավիաընկերության մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան հավաստիացրեց, որ ավիաընկերությունը հոգում է իր ուղեւորների մասին` ըստ սահմանված կանոնների: «Երեք ժամն անցնելուց հետո ուղեւորներին ջուր եւ սնունդ է հատկացվում, իսկ 8 ժամ անց` գիշերելու հնարավորություն: Այս պահի դրությամբ մենք չգիտենք, թե որքան կշարունակվեն բանակցությունները»:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, «Արմավիա» ավիաընկերությունն այսօր առավոտյան, ժամը 6:45-ից գործադուլ է հայտարարել եւ հրաժարվում է սպասարկել չվերթները` պատճառաբանելով, որ «Արմենիա-Միջազգային օդանավակայաններ» ընկերությունը բարձրացրել է սպասարկման գները:

Իր հերթին «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերությունը հանդես է եկել հայտարարությամբ` նշելով, որ, ըստ «Ռոսնավիգացիա» կազմակերպության կողմից ստացված հեռագրի, կուտակված պարտքերի պատճառով «Արմավիա» ավիաընկերությանն արգելվում է թռիչքներ իրականացնել դեպի Ռուսաստան եւ մուտք գործել Ռուսաստանի օդային տարածք:

«Ընկերությունը բացասական է գնահատել «Արմավիա» ավիաընկերության կողմից անհարիր շահարկումները եւ անհիմն ու կեղծ մեկնաբանությունները եւ ցավում է, որ միակ ազգային փոխադրողը հայտնվել է այսպիսի վիճակում»,- ասված է հայտարարության մեջ: