Ռուսաստանի արտաքին քաղաքականությունում Վլադիմիր Պուտինի ընտրվելու հետ կապված էական փոփոխոււթյուններ չեն լինի:
Նման կարծիք է հայտնել ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարովը մարտի 6-ին «ՌԻԱ Նովոստիի» կազմակերպած Մոսկվա-Կիեւ-Երեւան-Աստանա հեռուստակամուրջի ընթացքում:
Քաղաքագետի խոսքով` հնարավոր է ոճային փոփոխություն, բայց ոչ բովանդակային եւ շահերի առումով: Զուգահեռ կշարունակվի հայ-ռուսական կապերի զարգացումը տարբեր ուղղություններով, կշարունակվեն քաղաքական խորհրդատվությունները, ԱՊՀ-ի,ԵԱՀԿ-ի, այլ կազմակերպությունների շրջանակներում համագործակցությունը: Միաժամանակ, փորձագետի խոսքով, Հարավային Կովկասի նկատմամբ Ռուսաստանի քաղաքականությունը կիրագործվի ավելի լայն ձեւաչափով, չսահմանափակվելով երկկողմ հարաբերություններով:
Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը նշել է, որ Հայաստանի համար կարեւոր է հարեւանների կայունությունը եւ կանխատեսելիությունը, առաջին հերթին` Ռուսաստանի: Փորձագետի կարծիքով` Պուտինի օրոք ՌԴ քաղաքականությունը ԱՊՀ-ի եւ մասնավորապես Հայաստանի նկատմամբ հազիվ թե զգալիորեն փոխվի, քանի որ «այնքան էլ չի փոխվել կաբինետը, որտեղ որոշումներ են կայացվում»: «Որոշումները կայացվում էին, մեղմ ասած, միասնական կերպով: Այլ հարց է, որ նախընտրական խոստումները մի բան են, դրանց իրագործումը` մեկ այլ», - նշել է քաղաքագետը:



























