«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն «Արմավիա» ավիաընկերության հետ եւս մեկ հանդիպում կանցկացնի առաջիկա երեքշաբթի օրը:
«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն հաղորդագրություն է տարածել, որում նշել է, թե քիչ առաջ «Արմավիա» ավիաընկերությունը վերսկսել է իր չվերթերի սպասարկումը: «Մեր ընկերության ունեցած տվյալներով` «Արմավիա» ավիաընկերությունը համաձայնության է եկել «Ռոսավիացիա» կազմակերպության հետ պարտքի շուրջ:
Այսօր ՀՀ Քաղաքացիական Ավիացիայի Գլխավոր Վարչությունում հանդիպում է տեղի ունեցել «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի եւ «Արմավիա» ավիաընկերության ներկայացուցիչների միջեւ: Որոշվել է եւս մեկ հանդիպում անցկացնել առաջիկա երեքշաբթի օրը»,- ասված է հաղորդագրության մեջ:
«Հուսով ենք առաջիկայում ինչպես մյուս ավիաընկերությունների, այնպես էլ «Արմավիա» ավիաընկերության ուղեւորները կսպասարկվեն ժամանակին, առանց խափանումների,հավուր պատշաճի»,- նշել են «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ում:
Ավելի վաղ «Արմավիա» միջազգային ավիաընկերության մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան NEWS.am-ին հայտնել էր, որ «Արմավիան» անժամկետ գործադուլ է հայտարարել: Նրա փոխանցմամբ, գործադուլը չի դադարելու, մինչեւ երեւանյան միջազգային «Զվարթնոց» օդանավակայանը չփոխի գնային քաղաքականությունը:
«Այս պահին ոչ մի չվերթ չի լինելու: Մենք պահանջում ենք բանակցություններ»,- մանրամասնել է Նանա Ավետիսովան` տեղեկացնելով, որ չվերթներն «Արմավիա»-ն դադարեցրել է այսօր առավոտից: Ուղեւորները մի քանի ժամ շարունակ, առանց հացի եւ ջրի մանցել էին օդանավակայանում եւ դժգոհում էին ավիափոխադրողից:
Իր հերթին «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերությունը հանդես էր եկել հայտարարությամբ` նշելով, որ, ըստ «Ռոսավիացիա» կազմակերպության կողմից ստացված հեռագրի, կուտակված պարտքերի պատճառով «Արմավիա» ավիաընկերությանն արգելվում է թռիչքներ իրականացնել դեպի Ռուսաստան եւ մուտք գործել Ռուսաստանի օդային տարածք: «Ընկերությունը բացասական է գնահատել «Արմավիա» ավիաընկերության կողմից անհարիր շահարկումները եւ անհիմն ու կեղծ մեկնաբանությունները եւ ցավում է, որ միակ ազգային փոխադրողը հայտնվել է այսպիսի վիճակում»,- ասված է հայտարարության մեջ:



























