Մարտի 7-ին Նախիջեւանում կայացած Թուրքիայի, Իրանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներ Ահմեդ Դավութօղլուի, Ալի Աքբար Սալեհի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը ավարտվել է «Նախիջեւանյան հայտարարության» ընդունմամբ, որտեղ պատշպանվում է «մշակութային ժառանգության, երեք երկրների պատմական արմատների եւ հոգեւոր արժեքների ընդհանրությունը եւ նվիրվածությունը բարիդրացիական եւ բարեկամական հարաբերություններին»:
Ինչպես հաղորդում է «Կավկազսկիյ ուզել»-ը, հաստատելով իրենց հավատարմությունը «Ուրմիական հայտարարությանը», Նախիջեւանում նախարարները հաստատել են միջազգային եւ տարածաշրջանային տարբեր կազմակերպությունների շրջանակներում միջազգային եւ տարածաշրջանային կյանքի ակտուալ հարցերի վերաբերյալ փոխադարձ խորհրդատվություններ անցկացնելու մտադրությունը:
Կողմերը հաստատել են Ղարաբաղյան հարցի շուտափույթ լուծման կարեւորությունը «ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ միջազգային մակարդակով ճանաչված պետական սահմանները հարգելու սկզբունքների հիման վրա»:
Ադրբեջանը, Իրանը եւ Թուրքիան հաստատել են, որ «իրենց տարածքը ոչ մի հանգամանքների պարագայում չեն տրամադրի իրար դեմ թշնամական գործողությունների ծավալման համար»:
Կողմերը մտադիր են նաեւ ուժեղացնել պայքարը ահաբեկչության, կազմակերպված հանցագործության, թմրանյութերի եւ զենքի ապօրինի շրջանառության, թրաֆիքինգի, անլեգալ միգրացիայի դեմ: Բացի այդ, փաստաթղթում խոսվում է առեւտրա-տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային ոլորտների ուժեղացման պայմանավորվածության մասին: Նրանք նաեւ պաշտպանել են Մերձավոր Արեւելքում «միջուկային եւ մասսայական ոչնչացման այլ զենքերի ազատ գոտու» ստեղծման գաղափարները:
Կողմերը նաեւ մտադիր են քննարկել Բաքու-Թբիլիսի-Կարս եւ Նախիջեւան-Ջուլֆա-Թավրիզ երկաթուղրաների միացման հավանականությունը:
ԱԳՆ ղեկավարների ձեւաչափով հաջորդ հանդիպումը տեղի կունենա Վանում:




























