Իրանի կառավարությունը նոյեմբերի 29-ին կայացած նիստի ընթացքում հայտարարել է ուրանի հարստացման եւս 10 գործարան կառուցելու մտադրության մասին։
Իրանական ԶԼՄ-ների հաղորդմամբ, դրանցից հինգում աշխատանքները կսկսվեն անհապաղ, իսկ մյուս հինգի գտնվելու վայրը կորոշվի մոտակա երկու ամիսների ընթացքում։ Ինչպես հայտարարվում է, Թեհրանն իր առջեւ նպատակ է դրել տարեկան 300 տոննա միջուկային վառելիք արտադրել։
BBC-ի հաղորդմամբ, կիրակի իրանական խորհրդարանը նախագահ Մահմուդ Ահմադինեջադին կոչ է արել նվազեցնել ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությունը՝ հավատացնելով, որ երկրի միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ նպատակներ է հետապնդում։ Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանիի խոսքով, գործակալության գործունեությունը խոսում է այն մասին, որ ԱՄՆ եւ մյուս գերտերություները «հին խաղեր են խաղում» եւ առիթ են փնտրում, որպեսզի արատավորեն Իրանին։
Երկրի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի խոսքով, «Իրանը պետք է տարեկան 250-300 տոննա միջուկային վառելիք արտադրի։ Դրա համար անհրաժեշտ են մեծ արագության նոր ցենտրիֆուգներ»,- նախագահի խոսքերը մեջբերում է «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը։
Հիշեցնենք, որ անցած ուրբաթ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարների խորհուրդը բանաձեւ է ընդունել, որում Կում քաղաքի մոտակայքում եղած ուրանի հարստացման գործարանի վերազինման համար քննադատել է Իրանին եւ պահանջել անհապաղ դադարեցնել այդ նախագիծը։ Խորհրդի անդամները Թեհրանին կոչ են արել կատարել ՄԱԿ-ի համապատասխան բանաձեւը եւ վերականգնել վստահությունն այն բանում, որ իրանական միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ նպատակներ է հետապնդում։




























