Թեհրան-Երեւան չվերթի ՏՈՒ-154 աղետի ենթարկված ինքնաթիռի զոհերից 4-ը երեխաներ են: Առայժմ հաջողվել է ճշտել միայն մեկ անչափահասի՝ Էդվարդ Խաչիկի ինքնությունը: ՀՀ Քաղավիացիայի վարչության մամուլի խոսնակ Նելլի Չերչինյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ Էդվարդ Խաչիկը Թեհրանից մեկնում էր մոր՝ Կանադայի եւ Իրանի քաղաքացի Նանա Անթաշյանի ուղեկցությամբ: Մյուս երեխաների ինքնությունը ճշտվում է:
Ի դեպ, Երեւանի ժամանակով ժամը 12-ին Երեւանից Իրան է մեկնելու ինքնաթիռ, որն Իրան է տեղափոխելու ողբերգության պատճառներն ուսումնասիրող հայաստանյան հանձնաժողովի անդամներին եւ զոհվածների հարազատներին ու մտերիմներին:
Հիշեցնենք, որ երեկ, Իրանի տարածքում, տեղական ժամանակով ժամը 11.33-ին վայր է ընկել «Caspian airlines»-ին պատկանող, 7908 չվերթն իրականացնող ուղեւորատար ինքնաթիռը, որում եղել են 168 մարդ, այդ թվում 15 հոգանոց ինքնաթիռի անձնակազմը: Նրանք բոլորը զոհվել են: Ըստ նախնական տվյալների, ուղեւորների թվում եղել են 37 հայեր, որոնցից 5-ը ՀՀ քաղաքացիներ, այդ թվում՝ ինքնաթիռի 2 ավիատեխնիկները:




























