ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ժամանակ չունի Ռուսաստանի նախագահական ընտրությունների հաղթող Վլադիմիր Պուտինին շնորհավորելու: Այդ մասին, utro.ru-ի փոխանցմամբ, հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջեյ Քարնին:
«Չեմ կարծում, որ նրանք արդեն զրուցել են: Բայց ես համոզված եմ, որ կզրուցեն: Ես ենթադրություններ չեմ անի, կասեմ միայն, որ երկուսի ժամանակացույցն էլ խիստ ծանրաբեռնված է», - Քարնիի խոսքերը մեջբերում է «ՌԻԱ Նովոստին»:
Նշենք, որ Ռուսաստանի նախագահական ընտրությունները տեղի են ունեցել մարտի 4-ին: ԱՄՆ-ն ճանաչել է ընտրությունների արդյունքները, եւ այդ մասին հայտարարել են անմիջապես ԿԸՀ-ի պաշտոնական արդյունքները հրապարակվելուց հետո
Մարտի 5-ին պետդեպարտամենտը հայտարարել է, որ քվեարկությունը պարզել է «բացահայտ առաջատարին», որի օգտին իրենց ձայներն են տվել ընտրություններին եկած քվեարկողների մեծամասնությունը: Դիտորդներն այն ժամանակ ուշադրություն են դարձրել այն բանին, որ Պետդեպարտամենտի հայտարարությունը մի փոքր անսովոր է եղել. նրանում ոչ մի անգամ չի հիշատակվել ընտրությունների հաղթողի ազգանունը, իսկ Վլադիմիր Պուտինին շնորհավորելու փոխարեն Պետդեպարտամենտը շնորհավորել է ռուս ժողովրդին:


























