Պետական պաշտոնյաները, որոնք հայտարարում են, որ «ուզում են, բայց չեն կարող» պայքարել կոռուպցիայի դեմ, պետք է լքեն պետական կառույցը: Այսօր` մարտի 12-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք է հայտնել  «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը: «Այսօրվա իշխանական համակարգում ով կոռուպցիա չի տեսնում, նա պարզապես այն չի ուզում տեսնել: Այն արմատախիլ անելու միջոցները հայտնի են, այդ պատճառով էլ ասել, թե կոռուպցիայի դեմ թեեւ պայքարել պետք է, բայց հեշտ չէ, այնքան էլ համոզիչ չէ: Նման մարդիկ պետք է տեղը զիջեն նրանց, ովքեր կարող են դա անել», – ասել է Քոքոբելյանը:

Ըստ նրա` իշխանության մոտ հակակոռուպցիոն լուրջ ծրագրերի բացակայության մասին է վկայում  նաեւ նման բնույթի պետծրագրի իրացման ժամանակի եւ ժամկետների պատկերացման մասին բացակայությունը, ներառյալ, մասնավորապես, պետաշխատողների աշխատավարձերի բարձրացումը: 

«Ցանկացած պետծրագիր ունի իր գինը, դա վերաբերում է նաեւ կաշառակերության դեմ պայքարին:  Թե այսօր այն ինչքան կարժենա, ոչ ոք կառավարությունում գաղափար չունի: Ոչ մի զրույց այդ ուղղությամբ չի տարվում: Տեսե՞լ եք դուք արդյոք որեւէ բարդ հարցի շուրջ զրույց ՀՀԿ-ի եւ  «Բարգավաճ Հայաստանի» միջեւ: Բոլոր քննարկումները հանգեցվում են պաշտոնների բաժանման», – ավելացրել է «Ազատ դեմոկրատների» ղեկավարը: